«ԼՂՀ լուծարման» ձևակերպման վերաբերյալ Շահրամանյանի հայցի քննությունը ավարտվեց
Երևանի քաղաքացիական դատարանում այսօր ավարտվեց Սամվել Շահրամանյանն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍՆ-ի հայցադիմումի քննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճռի կայացնելու։
Սամվել Շահրամանյանը, հիշեցնենք, դիմել էր դատարան՝ պնդելով, որ 9-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած նախադասությունը, թե «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր» կեղծ է, զրպարտություն ու վիրավորանք։
Դասագրքի համահեղինակ, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը հիշեցնում է, որ նախադասությունը մեջբերում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունից։
«Իրենց տրամաբանությամբ՝ եթե ես եմ գրել այդ մասին, զրպարտություն է, իսկ եթե այդ մասին ասում է Շահրամանյանը, քաղաքական գործիչներ, Արցախի պաշտոնյաներ և այլն, իրենք կեղծիք չեն տարածում։
Այնպես են ներկայացնում, կարծես դասագրքում այդ մասին միայն մեկ նախադասություն է գրված ու վերջ։ Մինչդեռ այդպես չէ։ Գրված է այն, ինչ փաստ է, ոչ թե մեկնաբանություն։ Ի վերջո, որ ամեն մեկի ուզելով գրվի, ի՞նչ կստացվի։ Դա դասագի՞րք է, հուշագրությու՞ն, թե՞ էնցիկլոպեդիա»,- ասել է նա։
Հովսեփյանի խոսքով. «Հայցվորի ելույթից հասկացա, որ իրենք սոսկ ուզում են, որ իրենց ուզած բառերով ու մտքերով գրված լինի տեքստը։ Սա արդեն պատմագիտական վեճ է, ոչ թե դատաքննության առարկա։
Սա քաղաքական ճնշման փորձ է, որ օրինակելի լինի, որ որևէ մեկը չհանդգնի այս հարցերի մասին գրել։ Իսկ եթե շփոթվի ու գրի՝ կա՛մ իրենց ուզածով գրի, կա՛մ մղոններով փախչի այս թեմաներից, որ դատարանում չհայտնվի»։






























