Կառավարությունը մաքսատուրքի արտոնություն է տրամադրում գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնողներին․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում խոսել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝ մաքսատուրքի արտոնության մասին:


«Ի՞նչ է այս ծրագիրն իրենից ներկայացնում. այն գործարարները, ներդրողները, որոնք Կառավարության կողմից հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ են իրականացնում և ներմուծում են հումք կամ սարքավորումներ երրորդ երկրներից, ոչ ԵԱՏՄ երկրներից, Կառավարությունը նրանց ազատում է մաքսատուրքի վճարման պարտավորությունից:


Նախորդ տարվա ընթացքում այդպիսի 67 նախաձեռնություն աջակցություն է ստացել, 3405 աշխատատեղ է ստեղծվել, և ես ուզում եմ նշել, որ ՀՀ Կառավարությունը կտրամադրի այդ արտոնությունը ցանկացած գործարարի, ցանկացած ներդրողի, ով նախապես հայտարարված գերակա ոլորտներում ներդրումներ կիրականացնի, ցանկացած՝ առանց բացառության:


Նախորդ տարվա արդյունքների մասին կարճ նշեմ, որ 100 մլն 500 հազար դոլարի աջակցություն է տրամադրվել: Այս գումարից 1 միլիոն 200 հազար դոլարը պետք է ՀՀ պետական բյուջե մտներ, և 99 միլիոն 300 հազար դոլարը ԵԱՏՄ երկրների բյուջեներ պետք է գնար, բայց մենք նախընտրել ենք, որ 100 մլն 500 հազարը մնար ՀՀ-ում, ստեղծվեն աշխատատեղեր, վճարվեն հարկեր, զարգանա Հայաստանի տնտեսությունը և, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը: Բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք, և եթե կան այդպիսի նախաձեռնություններ, դիմեք»,- նշել է նա:

Քաղաքականություն