Քաղաքականություն

Ուկրաինայում թմրամոլություն ունեցող մարդկանց են զանգվածաբար զորակոչում

Ուկրաինայում թմրամոլություն ունեցող մարդկանց են զանգվածաբար զորակոչում

Ուկրաինայում արձանագրվում է թմրամոլություն ունեցող մարդկանց զանգվածային զորակոչի միտում։ Այս մասին հայտնում է DW-ն՝ հղում անելով իրավապաշտպանների և փաստաբանների տվյալներին։



Ըստ հրապարակման՝ մոտ 2000 նման նորակոչիկ է հայտնաբերվել «Սկալա» գրոհային գնդում։



Ուկրաինայի պաշտպանության նախարարության զինբժշկական փորձաքննության կարգի համաձայն՝ թմրամոլություն ունեցող անձինք կամ ամբողջությամբ պիտանի չեն զինծառայության համար, կամ կարող են ծառայել միայն թիկունքային ստորաբաժանումներում։ Սակայն փաստաբանների խոսքով՝ իրականում իրավիճակը տարբերվում է․ նման խնդիրներ ունեցող մարդկանց հաճախ ճանաչում են ծառայության համար պիտանի և ուղարկում հիմնականում նույն ստորաբաժանում։



Փաստաբան Եվգենի Ցեխմիստերի խոսքով՝ այդպիսի մարդկանցից շատերը հայտնվել են հենց «Սկալա» գնդում, քանի որ ստորաբաժանումը չի հրաժարվում նրանց ընդունելուց։



DW-ի զրուցակիցներից մեկը  պատմել է, որ իրեն ուղարկել են այդ ստորաբաժանում՝ չնայած նրան, որ նա ունեցել է բժշկական փաստաթուղթ՝ թմրամոլության պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու մասին։ Նրա խոսքով՝ զինկոմիսարիատում այդ փաստաթուղթը հաշվի չեն առել։



Նա պատմել է, որ զորակոչվել է այն ժամանակ, երբ անցնում էր փոխարինող բուժում, սակայն առանց կրկնակի բժշկական հանձնաժողովի անմիջապես ուղարկվել է ուսումնավարժական կենտրոն։



«Այնտեղ ասացին․ «Ո՞վ է այստեղ թմրամոլ և ում է պետք օգնություն»։ 60 հոգուց 40-ը բարձրացրեցին ձեռքերը։ Մեզ սկսեցին հերթով ծեծել՝ ահա և ամբողջ օգնությունը», - ասել է նա DW-ին։



Ստեփանի խոսքով՝ ուսումնավարժական կենտրոնում նա նաև ականատես է եղել երկու զորակոչվածների ինքնասպանության դեպքերի։ Նրա պատմելով՝ նրանցից մեկին զինկոմիսարիատում ծեծել էին, կոտրել էին կողերը, իսկ ավելի ուշ նա ինքնասպան էր եղել։



«Ինձ էլ էր թվում, որ ուզում եմ կախվել։ Ինչպե՞ս կարելի էր վերցնել դեղերը, անգամ դեղաչափը չնվազեցնել, հետո էլ ծանր ֆիզիկական վարժություններ տալ և ծեծել», - ասել է նա։


Միևնույն ժամանակ «Սկալա» գնդի ներկայացուցիչները հայտարարել են, որ թմրամոլություն ունեցող զինծառայողների հետ աշխատում են հոգեբաններ և բժիշկներ։ Նրանց խոսքով՝ վերականգնողական շրջանը տևում է 2-4 շաբաթ, որի ընթացքում նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն։



Գնդի ներկայացուցիչ Ալեքսեյ Բրատուշչակը նշել է, որ նման մարդկանց հետ աշխատանքը բարդ խնդիր է, և ոչ բոլոր ստորաբաժանումներն են պատրաստ զբաղվել դրանով։



Փաստաբանների խոսքով՝ նման դեպքերը լայն տարածում են ստացել 2025 թվականի վերջից և 2026 թվականի սկզբից։ Նրանց կարծիքով՝ դա կարող է կապված լինել զինծառայողների պակասի հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250