Իսրայելը պատրաստվում է Թուրքիայի հետ բախման. քննարկում են նոր ռազմական ինքնաթիռների ձեռքբերում
Իսրայելի պաշտպանության համակարգում քննարկվում է հակասուզանավային գործողությունների համար նախատեսված Boeing P-8 Poseidon ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունը։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս հարցը քննարկվում է Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքների և վերջին շրջանում երկու երկրների միջև աճող լարվածության ֆոնին։
Նշվում է, որ Boeing P-8 Poseidon-ը նախատեսված է սուզանավեր հայտնաբերելու և հետևելու, ինչպես նաև ծովային տարածքներում հետախուզություն իրականացնելու համար։ Այն համալրված է ժամանակակից ռադարներով, հատուկ սենսորներով և կարող է կրել տորպեդներ, ռումբեր ու ծովային ականներ։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսքով՝ երկրի զինված ուժերն արդեն իսկ ունեն հակասուզանավային գործողությունների բարձր կարողություններ, սակայն նոր ինքնաթիռների ձեռքբերումը կարող է զգալիորեն ուժեղացնել այդ հնարավորությունները։ Միաժամանակ ընդգծվում է, որ ծրագրի իրականացումը մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում, և այն կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե ներառվի ԱՄՆ-ի հետ ավելի լայն ռազմաքաղաքական համաձայնագրում։
Իսրայելում մտահոգված են նաև Թուրքիայի ռազմածովային ուժերի հզորացմամբ։ Նշվում է, որ թուրքական ռազմածովային նավատորմն ունի ավելի քան 10 գործող դիզելաէլեկտրական սուզանավ, իսկ ներկայում կառուցվում են նոր սերնդի սուզանավեր, որոնք հագեցած են օդից անկախ շարժիչային համակարգերով։ Բացի այդ, Թուրքիայի նավատորմը ներառում է ֆրեգատներ, կորվետներ, հրթիռային և պարեկային նավեր, ամֆիբիական ուժեր և անօդաչու սարքեր տեղափոխող նավեր։
Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ նախկինում Իսրայելի և Թուրքիայի զինված ուժերը համագործակցել են՝ անցկացնելով համատեղ ռազմաօդային և ռազմածովային զորավարժություններ։ Սակայն վերջին մոտ 15 տարիներին երկրների հարաբերությունները զգալիորեն վատթարացել են։
Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիկլին ևս հայտարարել է, որ Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը չի կարելի բացառել։
«Կարող է անմիջական շփում լինել թուրքական բանակի հետ ծովում։ Սա անհնար սցենար չէ, այն կարող է տեղի ունենալ նույնիսկ վաղը առավոտյան», - ասել է նա։
Չիկլին նաև խիստ քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք խորացնում են երկու երկրների միջև լարվածությունը։