Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
Պետդուման միանգամից երկրորդ և երրորդ ընթերցումներով ընդունել է «ժամանակավոր սահմանափակող միջոցների մասին» օրենքը՝ այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս և «խուսափում են» պատժի կատարումից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընդունված օրենքում շարադրված սահմանափակումներն ու արգելքները տարածվում են բոլոր նրանց վրա, ովքեր գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս և դատապարտված են Քրեական օրենսգրքի որևէ հոդվածով։
Բացի այդ, սահմանափակումները կանդրադառնան վարչական գործերով ներգրավված անձանց վրա։ Խոսքը նրանց մասին է, ովքեր չեն վճարել տուգանքները «օտարերկրյա գործակալության», «անցանկալի կազմակերպության» գործունեությանը մասնակցելու, ՌԴ տարածքային ամբողջականության խախտման և պատժամիջոցների կիրառման կոչերի, ինչպես նաև ռուսական բանակի «վարկաբեկման» հոդվածներով։
Նման մարդկանց նկատմամբ ՌԴ-ում կսահմանվի «ժամանակավոր սահմանափակող միջոցների համալիր»։
Դրանց թվում են՝ հաշիվների արգելափակում, նախկինում տրված բոլոր լիցենզիաների, թույլտվությունների և հավատարմագրերի կասեցում, անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների վաճառքի արգելք, երկրի ներսում պետական ծառայությունների և արտասահմանում հյուպատոսական ծառայությունների մատուցման մերժում (օրինակ՝ արտասահմանյան անձնագիր ստանալու արգելք և գործարքների, կտակների և լիազորագրերի նոտարական վավերացման արգելք)։
Երկրորդ ընթերցման ուղարկվելիս օրինագծին ավելացվել են լրացուցիչ սահմանափակումներ։ Բանկերը պարտավոր կլինեն արգելափակել հավելվածների մուտքը, որ մարդիկ, որոնց վրա տարածվում է օրենքը, դրամական միջոցներ չկարողանան փոխանցել։ Ավելին, նրանց եկամուտը կփոխանցվի հատուկ հաշվի, որից կգանձվեն դատական ծախսերը։
Երկրորդ և երրորդ ընթերցումների քվեարկությունից առաջ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «նրանք, ովքեր հեռացել են, պետք է մտածեն այն մասին, թե ինչպես կարող են ներկայանալ դատարան և խոստովանել»։ «Խոսքը նրանց մասին է, ովքեր վնասում են մեր երկրին։ Ծայրահեղականների, մեր հայրենիքի դավաճանների մասին։ Նրանց մասին, ովքեր տարիներ շարունակ փորձել են ոչնչացնել մեր պետությունը։ Նրանք արդարացնում են նացիզմը և վիրավորում մեր զինվորներին ու սպաներին։ Մինչդեռ նրանք թաքնվում են այլ երկրներում պատժից, մի շարք երկրներ հովանավորում են նրանց»,- ասել է Վոլոդինը։
Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո։