Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն էլ «тренажер»-ի վրա պարապելն է. ընկնելու ենք անխուսափելիորեն. Փաշինյան
Հիմա՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, կա մեկ քննադատություն. ավելի լավ նախապատրաստվեիք՝ նոր անեիք: Ես երկար մտածել եմ այս թեմայի մասին և ուզում եմ քննարկվող թեմայի՝ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ առաջին հայացքից կապ չունեցող մի պատմություն պատմել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես հեծանիվ եմ վարում: Կա հեծանիվ կոնտակտային կոշիկներով, այն ոտնակի հատուկ կոշիկ է, որ ամրանում է իրար: Պարզ է՝ սովորական կոշիկներով վարելուց հետո այդ կոշիկներով վարելը բարդ է, բայց ավելի սահուն և հաճելի է հեծանիվ վարելը: Ես որոշեցի, որ բավարար ստաժ ունեմ, և կարող եմ արդեն կոնտակտային կոշիկներով վարել հեծանիվը, բայց նաև հասկանում էի, որ պետք է սովորել»,-նշել է Փաշինյանը:
Նա կեցավայրում սկսել է վարել, որովհետև այդ կոշիկները հանելու, տեղադրելու հատուկ ձևեր ունի, վարժություններ կան:
«Մեկ ամիս, ամիսուկես պարապեցի, որից հետո շատ սահուն ես դա անում էի: Նաև ինչի համար էի դա անում, ասում էի՝ դե, մարդկանց հետ վարում եմ, նենց չլինի՝ ընկնեմ, այնուամենայնիվ վարչապետ եմ: Մեկ ամսից ավել պարապել եմ, հետո սկսել եմ իրական կյանքում կոնկտակտային կոշիկներով վարել, բայց ես տասնյակ անգամներ ընկել եմ, և տասնյակ անգամներ ընկնելուց է, որ սովորել եմ»,- շարունակել է Փաշինյանը:
Նա ասել է, որ մարզասահքն ու կյանքը տարբեր բաներ են․ «Թվում է, թե թեմայի հետ սա կապ չունեցող բան է, բայց նույնն է, ինչքան ուզում ես «тренажер»-ի վրա պարապի, մինչև կյանքին չհանդիպես՝ չես կարողանալու գնահատել՝ հեծանիվ քշել գիտե՞ս, թե՞ ոչ, դու գիտե՞ս ինչ-որ գործողություն իրական կյանքում անել, թե՞ ոչ:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն այն բանն է, որ մենք «тренажер»-ի վրա պարապել ենք, ասել՝ չէ, ոնց որ պատրաստ չենք, էլի ենք պարապել, քանի անգամ հետաձգել ենք, դուրս ենք եկել կյանք: Հիմա ընկնելու ենք անխուսափելիորեն, պետք է ուշադիր լինենք՝ ընկնելիս ջարդուփշուր չլինենք, բայց պետք է ընկնենք, նորից վերկենանք, շարունակենք, դա է ճանապարհը»,- եզրափակել է վաևչապետ Նիկոլ Փաշինյանը:






























