600 հազար մարդ տարհանվել է Գազայի հատվածի հարավ. Իսրայելի ՊԲ
Գազայի հատվածի հյուսիսից հարավ տարհանվել է 600 հազար պաղեստինցի, հաղորդում է i24NEWS հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին:
«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ ավելի քան 600,000 պաղեստինցի է տարհանվել Գազայի հյուսիսից դեպի հարավ»,- նշվում է հրատարակության մեջ։
Անցած ուրբաթ Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին հրամայեց տեղափոխվել տարածաշրջանի հարավ։ Խոսքը վերաբերում է 1,1 մլն մարդու։ Ինչպես ընդգծել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը, իսրայելցի զինվորականները կգնահատեն մնացած խաղաղ բնակիչների թիվը, և եթե իրավիճակը թույլ տա, կսկսվեն մարտական գործողություններ։
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել չեղարկել հրամանը, քանի որ ավելի քան մեկ միլիոն մարդու տեղահանումը կործանարար մարդասիրական հետևանքներ կունենա: Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից նշանակված իշխանությունները և Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան կառավարությունը մերժել են պահանջը՝ այն անվանելով երկրորդ արտագաղթ 1948 թվականին պաղեստինցիների հարկադիր հեռացումից հետո: