Ուկրաինան 5,9 միլիարդ եվրոյի վարկով չինական ԱԹՍ-ների պահեստամասեր կգնի
Եվրահանձնաժողովը թույլատրել է Ուկրաինային Եվրամիության տրամադրած ռազմական վարկի մի մասը օգտագործել չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի պահեստամասեր ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Խոսքը 60 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով պաշտպանական վարկի առաջին՝ 5,9 միլիարդ եվրոյի տրանշի մասին է։
Գործող կանոններով՝ այդ միջոցներով Կիևը կարող է ձեռք բերել այնպիսի սպառազինություն, որի արտադրության հիմնական մասը պատկանում է Եվրամիության, Կանադայի կամ Մեծ Բրիտանիայի ընկերություններին։ Այլ երկրների արտադրողների մասնաբաժինը գնումներում սովորաբար չպետք է գերազանցի 35 տոկոսը։
Սակայն նախատեսված են բացառություններ այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ ռազմական արտադրանքը նշված երկրներում չկա կամ արտադրվում է անբավարար քանակով։
Հենց այս հիմքով էլ Ուկրաինան դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով թույլ տալ 5,9 միլիարդ եվրոյի վարկից մի մասը ծախսել չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի որոշ բաղադրիչների գնման վրա։
Եվրահանձնաժողովն ու Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չեն մեկնաբանել հրապարակված տեղեկությունը։
The Financial Times-ը նշում է, որ այս որոշումը ցույց է տալիս՝ ԵՄ ռազմական արդյունաբերությունը դեռևս ունի արտադրական հնարավորությունների պակաս, չնայած Բրյուսելի ջանքերին՝ Ուկրաինային զենքի մատակարարումների միջոցով զարգացնել եվրոպական պաշտպանական ոլորտը։