Հայաստանը ChatGPT-ի աչքերով․ ինչու ենք նույն հարցին տարբեր պատասխաններ ստանում. Media.am
Որքա՞ն է Հայաստանի բնակչությունը 2026 թվականին։ Թվում է՝ պարզ հարց է, բայց արհեստական բանականության համակարգերը նույն հարցին տարբեր պատասխաններ են տալիս՝ կախված նրանից, թե որ լեզվով է այն տրվել։
Media.am-ի հետազոտության ընթացքում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը փորձել է պարզել, թե ChatGPT-ն, Gemini-ն և Claude-ը որքանով են ճիշտ ներկայացնում Հայաստանի մասին տեղեկությունները, ինչ աղբյուրներ են օգտագործում և ինչպես են պատասխանները փոխվում հայերեն, ռուսերեն և անգլերեն հարցումների դեպքում։
Օրինակ՝ Հայաստանի բնակչության թվի մասին հայերեն հարցին Claude-ը պատասխանել է՝ 3 միլիոն 100 հազար 100 մարդ։ Նույն հարցը անգլերեն տալու դեպքում համակարգը նշել է 2 միլիոն 930 հազար 915 թիվը։
Մարտիրոսյանի խոսքով՝ երկու թվերն էլ կարող են ամբողջությամբ սխալ չլինել․ առաջինը Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած մշտական բնակչության ցուցանիշն է, իսկ երկրորդը՝ միջազգային կազմակերպությունների գնահատականը։ Սակայն խնդիրը այն է, որ օգտատերը երկու դեպքում էլ տվել է նույն հարցը և չի խնդրել տարբեր մեթոդաբանություններով հաշվարկներ։
«Հարցի լեզուն փոխել էր ոչ միայն պատասխանի լեզուն, այլև աղբյուրների շրջանակը, ընտրված մեթոդաբանությունը և, ի վերջո, Հայաստանը նկարագրող թիվը»,- նշել է փորձագետը։
Փոքր փորձի ընթացքում ուսումնասիրվել են չորս հարցեր՝ Հայաստանի նախագահի, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների, «Կիբեռանվտանգության մասին» օրենքի և բնակչության թվի վերաբերյալ։
Յուրաքանչյուր հարց տրվել է երեք համակարգերի՝ ChatGPT-ի, Gemini-ի և Claude-ի, երեք լեզուներով։ Ընդհանուր ուսումնասիրվել է 36 պատասխան։
Հետազոտության հեղինակը նշել է, որ սա գիտական ուսումնասիրություն չէ, այլ մեկ օրվա փորձ՝ հասկանալու համար, թե ինչպես են ԱԲ համակարգերը աշխատում Հայաստանի վերաբերյալ հարցերի դեպքում։
Փորձը ցույց է տվել, որ ամենակայուն պատասխանը եղել է Հայաստանի նախագահի վերաբերյալ հարցը։ Բոլոր համակարգերը բոլոր լեզուներով ճիշտ նշել են Վահագն Խաչատուրյանին։ Սակայն նույնիսկ այդ դեպքում միշտ չէ, որ օգտագործվել են ամենահարմար աղբյուրները․ պաշտոնական կայքերի փոխարեն երբեմն հղումներ են արվել տարբեր լրատվամիջոցների։
Ավելի բարդ պատկեր է եղել ընտրությունների վերաբերյալ հարցերում։ Որոշ համակարգեր խառնել են նախնական և վերջնական տվյալները, իսկ որոշ դեպքերում ներկայացրել են թվեր, որոնք չեն համապատասխանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներին։
«Կիբեռանվտանգության մասին» օրենքի դեպքում հայերեն հարցումները հիմնականում բերել են պաշտոնական աղբյուրներ՝ ARLIS, պետական կառույցների էջեր, մինչդեռ ռուսերեն և անգլերեն հարցումների դեպքում համակարգերը հաճախ հղվել են լրատվական կամ վերլուծական նյութերի։
Մարտիրոսյանը եզրակացնում է՝ արհեստական բանականությունը Հայաստանի մասին մեկ միասնական պատկեր չունի։ Այն պատասխանը ձևավորում է ըստ այն աղբյուրների, որոնք հասանելի են տվյալ լեզվով։
Փորձագետի խոսքով՝ լրատվամիջոցների և պետական կառույցների համար կարևոր է ունենալ հստակ կառուցված նյութեր, նշել տվյալների աղբյուրները, հրապարակման ամսաթվերը, տրամադրել նաև օտարալեզու տարբերակներ և հետևել, որ իրենց բովանդակությունը հասանելի լինի որոնողական ու ԱԲ համակարգերի համար։
«ԱԲ-ն գիտի այն Հայաստանը, որն իրեն հասանելի ենք դարձրել»,- եզրափակում է Սամվել Մարտիրոսյանը։