Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այդ գործընթացում իր ունեցած մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ ինքը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ներգրավված է եղել հանդիպումների կազմակերպման գործընթացում։ Արզաքանցյանի պնդմամբ՝ քննարկվել են խաղաղության պայմանագրի կնքման, ճանապարհների բացման, տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև Արցախի հարցի կարգավորման տարբերակներ, որոնց շրջանակում խոսք է գնացել նաև յոթ շրջանների վերադարձի մասին։ Այս մասին նա հայտարարել է լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հեղինակային հաղորդման ընթացքում։
Նա նաև նշել է, որ գործընթացը, իր տեղեկություններով, հետագայում կանգ է առել, իսկ լրագրողի հարցին՝ արդյոք դա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ, դրական պատասխանել է տվել։
Տիգրան Արզաքանցյանի այս հայտարարության վերաբերյալ Auroranews.am-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ է հաստատել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հետ։
Ի պատասխան մեր հարցման՝ գրասենյակից հայտնել են.
«Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել։ ՀՀ երրորդ նախագահի գլխավորությամբ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն իր բոլոր փուլերով և մանրամասնությամբ ներկայացված է «Բանակցային առաջնագծում» գրքում։ Ցանկացողները կարող են ծանոթանալ այդ ամենին՝ ընթերցելով գիրքը։ Այլ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չկա»,- Auroranews.am-ին հայտնեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։