ԱՄԷ-ի լավագույն շրջանավարտները շեյխ Մուհամմեդից ստացել են 27,200 ԱՄՆ դոլար անակնկալ պարգև
Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը երկրի 2025-2026 ուսումնական տարվա 12-րդ դասարանի ամենաբարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին պարգևատրել է 100 հազար դիրհամ (մոտ 27 հազար ԱՄՆ դոլար) դրամական նվերով։
Պարգևը շնորհվել է պետական, մասնավոր և կիրառական տեխնոլոգիական կրթական հաստատությունների լավագույն շրջանավարտներին՝ որպես գնահատանք նրանց բացառիկ ակադեմիական հաջողությունների համար։
Շեյխ Մուհամմեդը դեռ հուլիսի 11-ին սոցիալական ցանցերում շնորհավորել էր հանրապետական մակարդակով լավագույն արդյունքներ գրանցած աշակերտներին՝ ընդգծելով, որ նրանք լինելու են ԱՄԷ-ի ապագայի կերտողները։
«Մենք հպարտանում ենք ձեզնով և վստահ ենք, որ դուք մասնակցելու եք Էմիրությունների ապագայի կառուցմանը։ Կրթությունը մեր կարևորագույն ազգային նախագիծն է, իսկ մեր երեխաները՝ մեր գլխավոր հույսը թե՛ ներկայի, թե՛ ապագայի համար»,- նշել էր նա։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄԷ-ն շարունակելու է ներդրումներ կատարել բարձրորակ կրթական համակարգի զարգացման մեջ՝ երիտասարդներին ապահովելով անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և արժեքներով, որոնք կուժեղացնեն երկրի մրցունակությունը համաշխարհային մակարդակում։
Շեյխի նախաձեռնությունը մեծ ուրախություն է պատճառել ինչպես մրցանակակիր աշակերտներին, այնպես էլ նրանց ընտանիքներին։ Սոցիալական ցանցերում ծնողներն ու հարազատները շնորհակալություն են հայտնել ԱՄԷ-ի ղեկավարությանը՝ կրթության և երիտասարդների նկատմամբ ցուցաբերվող շարունակական աջակցության համար։