Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2025 թվականին արձանագրվել է 7.1 տոկոս տնտեսական աճ։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2025 թվականին արձանագրվել է 7.1 տոկոս տնտեսական աճ։

ԱԺ մշտական հանձնաժողովների՝ հունիսի 8-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումը, հարկային և մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախորդ տարի հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, իսկ քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճի ներուժի բարձրացմանը։


«2021-2025 թվականների մենք մեծացրել ենք կապիտալ ծախսերի մասնաբաժինը՝ 3,1 տոկոսից հասցնելով 6,2 տոկոսի»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ հնարավոր է եղել զսպել ընթացիկ ծախսերի աճը՝ այն 25,9 տոկոսից նվազեցնելով մինչև 23,1 տոկոս:


Ըստ զեկուցողի՝ կապիտալ ծախսերի աճը գլխավորապես ուղղվել է մարդկային կապիտալի, անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Վահե Հովհաննիսյանը հարկային եկամուտների առաջանցիկ աճը համարել է կարևոր ձեռքբերումներից մեկը։


Անդրադառնալով պետական բյուջեի պակասուրդին՝ նախարարը փաստել է, որ այս ժամանակահատվածում այն միջինում կազմել է 3,2 տոկոս։ 2025 թվականին պակասուրդը եղել է 3,7 տոկոս, ինչը հնարավորություն է ընձեռել նվազեցնել պարտքի մասնաբաժինը ՀՆԱ-ում։


Խոսելով արտաքին զարգացումների մասին՝ զեկուցողը նշել է, որ 2025 թվականն աչքի է ընկել համաշխարհային աճի թույլ տեմպերով, գնաճի աստիճանական թուլացմամբ և դրամավարկային քաղաքականության մեղմացմամբ։


2025 թվականին հայկական ծագման ապրանքների արտահանման ծավալներն աճել են 12 տոկոսով։ Արձանագրվել է, որ ընթացիկ տարվա հունվարից ապրիլ ամիսներին հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 33,9 տոկոսով, ինչը, Վահե Հովհաննիսյանի ձևակերպմամբ, դրական ազդակ է 2026 թվականի տնտեսական աճի համար։


Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտների կատարողականը կազմել է 101,3 տոկոս, իսկ աճը՝ շուրջ 12 տոկոս։ Ծախսերի կատարողականը եղել է 95,8 տոկոս, այդ թվում՝ ընթացիկ ծախսերը կատարվել են 97,5, իսկ կապիտալ ծախսերը՝ 89,6 տոկոսով։


Զեկուցողը ներկայացրել է նաև Ֆինանսների նախարարության ծախսերը, որոնք կազմել են 353,8 մլրդ դրամ, իսկ կատարողականը հասել է 96,5 տոկոսի։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250