29,743, թե՞ 29,800. որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը․ Hetq
29,800 քկմ, թե՞ 29,743 քկմ․ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկից ի վեր Հայաստանի Հանրապետության տարածքի մակերեսն ու դրա ճշգրտությունը դարձել են խորհրդարանական քննարկումների առանցքային թեմաներից մեկը։ Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները, իրար հերթ չտալով, վկայակոչում են ամենատարբեր աղբյուրներ՝ սովետական հանրագիտարաններից մինչեւ դպրոցական դասագրքեր։ Ի վերջո, որտեղի՞ց է առաջացել անհամապատասխանությունը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը։ Այս մասին գրում է Հետքը:
«Ինչպե՞ս թեման սկսվեց արծարծվել ԱԺ-ում
9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստից սկսած՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները իշխանականներին հարցնում էին՝ արդյոք Տիգրանաշենը մտնում է ՀՀ տարածքի մեջ։ Ի վերջո, հարցուպատասխանը հասավ հարցին, թե որքան է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ 29,800, թե՞ 29,743 քկմ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին. «Վերջիվերջո, ՀՀ սահմաններն ի՞նչ ուրվագիծ ունեն, եւ ՀՀ տարածքը ինչքա՞ն է: Դուք ասում եք, որ տարածքը որոշում է Ալմա-Աթայի հռչակագրով, որը Սովետական Հայաստանի վարչական սահմանները դիտել է որպես պետական տարածքներ: Ճի՞շտ եմ մեկնաբանում Ձեր եւ ֆրակցիայի խոսքը (Արուսյակ Ջուլհակյանն ամբիոնից դրական է արձագանքում - հեղ.), շատ լավ։ Սովետական Միության ժամանակ վարչատարածքային բաժանման մասին ընդհանուր օրենք չի եղել: Ամեն հանրապետության տարածք որոշվել է իր գերագույն սովետի որոշումներով, մինիստրների սովետի որոշումներով եւ այլն, եւ այլն: Բայց այդ որոշված տարածքները արձանագրվել են տարբեր տեղերում, օրինակ Սովետական Միության ժամանակ հրապարակված քարտեզներում, պաշտոնական հրապարակային այլ փաստաթղթերում, հանրագիտարաններում։ Հանրագիտարանները հատուկ եմ նշում, որովհետեւ սահմանազատման ժամանակ, երբ խոսքը գնում էր՝ ինչ վերաբերելի փաստաթղթեր էին օգտագործվել, նշվել էին նաեւ հանրագիտարանները (այս եւ մյուս ընդգծումները «Հետքինն» են - հեղ.): Ուստի ես ուզում եմ կարդամ Սովետական հանրագիտանից քաղվածք՝ 1980-ին հրապարակված, Հայաստանի Հանրապետության տարածությունը՝ 29,800 քկմ, նմանապես նույնը գրված է Սովետական մեծ հանրագիտարանում… Ինձ հետաքրքիր է՝ այդ 57 քկմ-ն ե՞րբ անհետացավ»։ Այս հարցին ի պատասխան՝ Արուսյակ Ջուլհակյանը արձագանքում է. «Եթե Ձեզ հետաքրքիր է կոնկրետ ամսաթիվը, թե երբ դարձավ 743, կոնկրետ ամսաթիվ Ձեզ նշել չեմ կարող։ Եթե հիշում եք սկզբում, նաեւ վարչապետն էր 800 թիվը նշում, բայց պետք է Ձեզ նշեմ, որ մեր դասագրքերում, Սովետական հանրագիտարանում չէ, անկախ Հայաստանի Հանրապետության դասագրքերում, որով մենք ենք սովորել, նշված է 29,743 քկմ թիվը, եւ ենթադրում եմ՝ հենց այդ պահին է տեղի ունեցել այդ անցումը»։
Ինչպե՞ս, ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է փոխվել տարածքային տվյալը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում բազմիցս հաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքի 29,800 քկմ լինելը։ Ավելին՝ 2023 թ. հունիսի 1-ին Քիշնեւում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց, որ Արծվաշենը եւս մտնում է 29,800 քկմ-ի մեջ։
Սակայն վարչապետի խոսույթում փոփոխություն եղավ 2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպումից հետո։ Այդ քննարկման մասին 2024-ի մարտի 12-ի ասուլիսի ժամանակ պատմել է Փաշինյանը. «Պատկերացնում եք, չէ՞, իրադրության լարումը, երբ պետք է կողմերն ասեն՝ մեր երկրի տարածքն այսքան է: Այնտեղ առաջացավ գաղափար, որ եկեք ուրեմն հետո, երբ դուրս գանք, հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ: Ես հյուրանոցից կապվեցի մեր գործընկերների հետ, ասեցի՝ հանրագիտարաններից նկարեք ՀՀ-ի ու Ադրբեջանի տվյալները տիտղոսաթերթում ու ուղարկեք, չնայած ես այդ թիվը հիշում էի՝ 29,800 քկմ: ԵՄ խորհրդի նախագահին այդ տվյալները փոխանցվեցին, եւ նա այդ թվերը հրապարակեց: Հետո, երբ մենք ավելի մանրամասն դիտարկեցինք եւ տեսանք, որ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան, տիտղոսին գրած է՝ 29,800, հետո պարզվեց, որ դա կլորացված թիվ է, տեքստի մեջ կա 29,743 քկմ։ Հետո Ադրբեջանը ուշադրություն հրավիրեց, որ ՀՀ մի շարք պետական մարմիների կայքերում, ընդ որում՝ ես ստուգել եմ, այդ տվյալները եղել են տասնյակ տարիներ, որտեղ ՀՀ տարածքը նշված է 29,743՝ ուրիշ թիվ, որը պակաս է 29,800 քկմ-ից: Նույնը վերաբերում է Ադրբեջանին, որովհետեւ կա տիտղոսային թիվ ու կա ավելի պարզաբանված: Այս երկու թվերի պատճառով էր, որ որոշակի լարումներ առաջացան, փոխադարձաբար խորը կասկածներ եւ այդպես շարունակ»։
Այսինքն՝ ՀՀ տարածքի մասին ՀՀ իշխանությունների պաշտոնական խոսույթը փոխվեց ոչ թե դասագրքերում հրապարակված տվյալներից հետո, ինչպես Ջուլհակյանն է ասում, այլ հենց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, ապա եւ նրա թիմը սկսեցին կիրառել 29,743 քկմ թիվը։ Տարիներ շարունակ 29,800 քկմ-ն որպես աներկբա ՀՀ ինքնիշխան տարածք ներկայացնող եւ բանակցային սեղանին դնող ղեկավարն ու նրա թիմը սկսեցին հանրային խոսույթից աստիճանաբար դուրս մղել այդ տվյալը՝ այն փոխարինելով 29,743 քկմ-ով»։
Ավելին` սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ԱԽ քարտուղարի պաշտոնից Գրիգորյանի հրաժարականը
Հայաստանի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար Ալեն Սիմոնյանը 24news.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ճիշտ չի համարում...