Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել:
Կխթանվի հայ արտադրողների կողմից ՀՀ ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։
ՀՀ տարածքից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին փոխհատուցում կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։
2026 թվականի մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ չափերով՝
1) ելակի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 770 դրամ,
2) լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 275 դրամ,
3) պղպեղի յուրաքանչյուր 1 կգ համար՝ 400 դրամ,
4) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 դրամ։
«Այս որոշմամբ որոշակիորեն կմեղմվեն ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման ծավալները 2025 թվականին կազմել են շուրջ 72.9 մլրդ դրամ։ Արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 93.3 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ՌԴ–ի կողմից կիրառված սահմանափակումների պայմաններում անհրաժեշտություն է առաջացել այլ երկրներ արտահանելու նպատակով արտահանողներին աջակցել արտահանված արտադրանքի յուրաքանչյուր 1 կգ–ի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով։
«Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հնարավորությունները քննարկվել են արտահանողների հետ։ Քննարկումների ընթացքում վերջիններս հայտնել են, որ այլ երկրներ արտահանման դեպքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ է արտահանվող յուրաքանչյուր կգ–ի համար տրամադրել որոշակի փոխհատուցում»- նշել են նախարարությունից։
Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման ենթակա ծավալները կկազմեն շուրջ 4250 տոննա, իսկ ծաղիկները՝ 10 մլն հատ։
Կառավարության մեկ այլ որոշմամբ կխթանվի հայ արտադրողների կողմից ՀՀ ծագում ունեցող ապրանքների արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ՝ մաքսատուրքերի փոխհատուցման միջոցով։
«Պետական աջակցությունը նախատեսվում է այն տնտեսվարողներին, որոնք արտահանում են Հայաստանի ծագում ունեցող ապրանքներ՝ փոխհատուցելով ներմուծող երկրում գանձված մաքսատուրքի արժեքը»,-ասված է այս որոշման մեջ։
Փոխհատուցելի ապրանքների շարքին կավելացվի նաև «մշակաբույսերի աճեցում» տնտեսական գործունեության տեսակի արտադրանքը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը լավ լուրով է կիսվել` կապված արտահանման հետ
Պատվիրակությունները արդեն աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել: Այս մասին քարոզարշավ...
Նամակ Մոսկվայից` Երևանին. գազի մատակարարաումը կարող է կասեցվել
Մոսկվան զգուշացրել է Երևանին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման արտոնյալ ռեժիմի հնարավոր վերանայման մասի...
Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ
Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система под...