Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել Եվգենի Խմարային երկրի պաշտպանության նախարար նշանակելու առաջարկը։ Ներկայում Խմարան ղեկավարում է գերատեսչությունը նախարարի պաշտոնակատարի կարգավիճակով։
Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով «Գոլոս» կուսակցության պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի Telegram-ալիքին։
Ավելի ուշ Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հաստատել է, որ խորհրդարանը ստացել է Խմարայի նշանակման վերաբերյալ նախագահի առաջարկը։ Նրա խոսքով՝ այն կքննարկվի մոտ ժամանակներս։
Պաշտպանության նախարարի նշանակման հարցով քվեարկությունը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 19-ին։
Հուլիսին՝ Սերգեյ Կորեցկու գլխավորած կառավարության կազմի փոփոխությունների ժամանակ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնները թափուր էին մնացել։ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ այդ երկու գերատեսչությունների ղեկավարների թեկնածություններն առաջադրում է երկրի նախագահը։
Միխայիլ Ֆեդորովի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո քննարկվում էր Իգոր Կլիմենկոյին այդ պաշտոնում նշանակելու տարբերակը, սակայն այն քննադատության էր արժանացել։ Հուլիսի 20-ին պաշտպանության նախարարի պաշտոնակատար էր նշանակվել Եվգենի Խմարան։
«ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրների համաձայն՝ իշխանական շրջանակներում նաև քննարկվել է օրենսդրությունը փոփոխելու հնարավորությունը, որպեսզի ռազմական դրության պայմաններում գործող զինծառայողը կարողանա ղեկավարել Պաշտպանության նախարարությունը։ Ի վերջո, որոշվել է, որ նախարար նշանակվելու համար Խմարան կազատվի զինվորական ծառայությունից։
Եվգենի Խմարան պրոֆեսիոնալ զինվորական և հատուկջոկատային է։ 2011 թվականից նա ծառայել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՍԲՈւ) «Ա» հատուկ գործողությունների կենտրոնում, իսկ 2023 թվականին դարձել է ստորաբաժանման ղեկավար։
Խմարան մասնակցել է Կիևի և Դոնեցկի շրջաններում մարտական գործողություններին։ Նա ղեկավարել է Օձերի կղզու ապաօկուպացման հատուկ գործողությունը, մասնակցել «Սարդոստայն» գործողությանը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների դեմ անօդաչուներով հարվածների կազմակերպմանը։ Դրանց թվում նշվում են օդանավակայանները, նավթավերամշակման գործարաններն ու զինամթերքի պահեստները։
«ՌԲԿ-Ուկրաինա»-ի տվյալներով՝ Խմարայի ղեկավարությամբ ՍԲՈւ-ի «Ա» հատուկ գործողությունների կենտրոնը ոչնչացրել է ավելի քան 5,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 1800 տանկ։
Խմարան պարգևատրվել է Բոգդան Խմելնիցկու շքանշանով, «Արիության համար» III աստիճանի շքանշանով և «Մարտական վաստակի խաչով»։
2026 թվականի հունվարի 5-ից նա կատարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պարտականությունները, իսկ ավելի ուշ նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար։
Նմանատիպ հոդվածներ
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընից երկխոսության առաջարկի պատասխան ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընից պատասխան է ստացել երկխոսություն սկս...