Ռուսաստանի տնտեսության համար ռիսկերն աճում են. Dolce velle
Ուկրաինական անօդաչուների հարձակումների ակտիվացումը Սև ծովում Ռուսաստանի արտահանման ենթակառուցվածքների վրա՝ ի պատասխան Ուկրաինային ռուսական հարվածների, արդեն տնտեսական հետևանքներ է առաջացրել։ Եթե հարձակումները շարունակվեն, դրանց ազդեցությունը կարող է ավելի խորանալ, գրում է Deutsche Welle-ն։
2014 թվականին, բացատրելով Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման պատճառները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերի տարածաշրջան մուտքը կարող էր արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը Սևծովյան տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ի զորքերը տարածաշրջան չմտան, սակայն ուժերի հարաբերակցությունը, այնուամենայնիվ, փոխվեց Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լիամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո։
Ռուսական ռազմական նավատորմն այլևս նախկինի պես չի գերիշխում տարածաշրջանում, իսկ Սև ծովով ապրանքների արտահանումն ավելի է բարդանում ուկրաինական անօդաչուների հարձակումների պատճառով։ Վերջին շաբաթներին Նովոռոսիյսկի՝ Սև ծովում Ռուսաստանի խոշորագույն առևտրային նավահանգստի վրա հարվածների ակտիվացումը զգալի խափանումներ է առաջացրել նավթի և հացահատիկի բեռնափոխադրումներում։ Լոգիստիկ երթուղիները հնարավոր է վերակազմավորել միայն մասամբ։
DW-ի զրուցակից փորձագետները զգուշացնում են, որ խոշոր հարձակումների շարունակման դեպքում Ռուսաստանի արտահանողների և պետական բյուջեի համար հետևանքները կարող են էական լինել։
Նովոռոսիյսկը բեռնաշրջանառությամբ Ռուսաստանի խոշորագույն նավահանգիստն է և Եվրոպայի խոշոր նավահանգիստներից մեկը։ Այն դեռևս 19-րդ դարից Ռուսաստանի արտաքին առևտրի առանցքային հանգույցներից է։
Այսօր Նովոռոսիյսկով է իրականացվում ռուսական հացահատիկի ընդհանուր արտահանման մինչև մեկ երրորդը, ինչը պայմանավորված է երկրի հիմնական գյուղատնտեսական շրջաններին նավահանգստի մոտ գտնվելով։ Նովոռոսիյսկով համաշխարհային շուկաներ են արտահանվում նաև նավթ, մետաղներ և բեռնարկղային բեռներ։
Ուկրաինական ծովային և օդային անօդաչուների վերջին հարձակումները լուրջ ազդեցություն են ունեցել հատկապես հացահատիկի բեռնափոխադրումների վրա։
«ՍովԷկոն» վերլուծական գործակալության ղեկավար Անդրեյ Սիզովի տվյալներով՝ օգոստոսի 12-ին դադարեցվել է Նովոռոսիյսկի հացամթերքի կոմբինատի և Նովոռոսիյսկի հացահատիկային տերմինալի աշխատանքը, իսկ օգոստոսի 13-ին՝ ԿՍԿ տերմինալի աշխատանքը։
Դեռևս հուլիսի վերջին դադարել էր աշխատել Թամանի տերմինալը, իսկ մինչ այդ Ուկրաինայի գործողությունների հետևանքով կաթվածահար էր եղել Ազովի ծովի ծանծաղ նավահանգիստների աշխատանքը։ Խորջրյա տերմինալներից շարունակում է գործել միայն Տուապսեն՝ դրանցից ամենափոքրը։
Սիզովի գնահատմամբ՝ արդյունքում Ազով-Սևծովյան ավազանով ռուսական հացահատիկի արտահանումը գրեթե ամբողջությամբ արգելափակվել է։
Նավթի մատակարարումների դեպքում իրավիճակն այնքան կտրուկ չէ․ արտահանումն ամբողջությամբ չի դադարել, սակայն պարբերաբար խափանումներ են գրանցվում։ Reuters-ի տվյալներով՝ Ռուսաստանի սևծովյան խոշորագույն «Շեսխարիս» նավթային տերմինալը, որի հզորությունը օրական մոտ 700 հազար բարել է, օգոստոսի 14-ին ստիպված է եղել դադարեցնել նավթի բեռնափոխադրումը և աշխատանքը վերսկսել միայն օգոստոսի 16-ին։
Argus գնային գործակալության գնահատմամբ՝ 2026-2027 թվականների սեզոնին Ռուսաստանը կարող էր համաշխարհային շուկա արտահանել 45 միլիոն տոննա ցորեն։ Ցորենը երկրի գյուղատնտեսական արտահանման հիմնական ապրանքն է։
Սակայն Ազով-Սևծովյան ավազանի երկարատև արգելափակման դեպքում այդ ծավալների արտահանումը հնարավոր չի լինի, քանի որ ռուսական հացահատիկի մատակարարումների շուրջ 90 տոկոսը սովորաբար իրականացվում է այդ երթուղով։
«ՍովԷկոն»-ի ղեկավար Անդրեյ Սիզովը զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակը կարող է ծանր հետևանքներ ունենալ ռուսական բազմաթիվ արտադրողների համար՝ հատկապես վերջին տարիներին նրանց ֆինանսական վիճակի վատթարացման ֆոնին։
Արտահանման խափանման պայմաններում հացահատիկի ավելցուկը մնում է ներքին շուկայում, ինչի հետևանքով գներն արդեն սկսել են նվազել։ Նույնիսկ եթե հետագայում արտահանումը վերականգնվի, կորուստներից ամբողջությամբ խուսափել հնարավոր չի լինի, քանի որ հենց օգոստոսին է գրանցվում մատակարարումների առավելագույն ծավալը։ Աշնանը բաց թողնված ծավալները լրացնելը դժվար կլինի, քանի որ այդ ամիսներին տերմինալներն առանց այդ էլ աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ։
Ազով-Սևծովյան տարածաշրջանում ռազմական գործողությունների սրացումը կարող է անդրադառնալ նաև համաշխարհային շուկայի վրա։ Ռուսաստանն աշխարհում ցորենի խոշորագույն արտահանողն է, մինչդեռ ուկրաինական հացահատիկի արտահանումը նույնպես կտրուկ նվազել է։
Հուլիսի երկրորդ կեսից Ռուսաստանն իր հերթին ակտիվացրել է հարվածները ուկրաինական նավահանգիստներին և այնտեղ մուտք գործող նավերին։
Argus-ի գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման ուղղության ղեկավար Սյաոյի Դենը DW-ին հայտնել է, որ լոգիստիկ խափանումների պատճառով Ուկրաինայում և Ռուսաստանում ցորենի հարուստ բերքի զգալի մասը կտրվել է համաշխարհային շուկայից։
Երկու երկրներն էլ փորձում են օգտագործել այլընտրանքային երթուղիներ, այդ թվում՝ Բալթիկ ծովի նավահանգիստներն ու Դանուբի տերմինալները, սակայն դրանք չեն կարող ամբողջությամբ փոխարինել ավանդական ճանապարհներին։
Օգոստոսի առաջին երկու շաբաթներին Նովոռոսիյսկի նավահանգստով 30 տոկոսով պակաս նավթ է արտահանվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին վկայում են Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) տվյալները։
Բեռնափոխադրումների անկմանը նախորդել էր հուլիսի 19-ին Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) տերմինալի վրա անօդաչուի հարձակումը։
Մատակարարումների ծավալները կարող են նվազել ոչ միայն ենթակառուցվածքների վնասման պատճառով։ CREA-ի փորձագետ Իսահակ Լևին DW-ին հայտնել է, որ որոշ նավատերեր հրաժարվում են մուտք գործել այն նավահանգիստներ, որոնք համարվում են անօդաչուների հարձակումների առաջնահերթ թիրախներ։
Սև ծովով անվտանգ անցումն այժմ որևէ մեկի համար երաշխավորված չէ։ Bloomberg-ի տվյալներով՝ օգոստոսի 17-ին հարձակման է ենթարկվել հունական լցանավ, որը, ենթադրաբար, ռուսական նավթ էր տեղափոխում։
Լևիի խոսքով՝ եթե ներկայիս սահմանափակումները պահպանվեն մինչև օգոստոսի վերջ, Ռուսաստանի համար ավելի դժվար կլինի պարզապես հետաձգել մատակարարումները՝ հույս ունենալով հետագայում փոխհատուցել կորցրած ծավալները։
Չարտահանված նավթի մի մասը հնարավոր է ուղղել այլ երթուղիներով։ Ամենաիրատեսական տարբերակներն են Բալթիկ ծովի Պրիմորսկ և Ուստ-Լուգա նավահանգիստները։ Սակայն այդ դեպքում կավելանան նաև փոխադրման ծախսերը։ Փորձագետի գնահատմամբ՝ Նովոռոսիյսկին լիարժեք փոխարինող չկա։
Ինչպես հացահատիկի արտահանման դեպքում, նավթի ոլորտում ևս տնտեսական հետևանքները կախված կլինեն անօդաչուների հարվածների տևողությունից և ինտենսիվությունից, ինչպես նաև վնասված ենթակառուցվածքներն արագ վերականգնելու Ռուսաստանի կարողությունից։
DW-ն նշում է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի նաև Սև ծովում ռազմական գործողությունների ընթացքից։ Օգոստոսի 13-ին հայտնի դարձած՝ Սև ծովում հրադադար հաստատելու Ուկրաինայի առաջարկը Կրեմլը մերժել է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում նոր զորահավաք կարող է հայտարարվել․ փորձագետները՝ հնարավոր ժամկետների մասին
The New York Times-ի տվյալներով՝ արևմտյան որոշ պաշտոնյաներ և վերլուծաբաններ կարծում են, որ սեպտեմբերին ՌԴ Պետդումայի ընտ...
Մոսկվայի տարածաշրջանում խոցվել է 180 ԱԹՍ. գիշերվա ընթացքում տարածաշրջանի ուղղությամբ թռել է 620 անօդաչու
Օգոստոսի 17-ի երեկոյից մինչև օգոստոսի 18-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ն, Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 62...
Մերձմոսկվայում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստին
Մոսկվայի մարզի Բոգորոդսկի քաղաքային շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է «Ատլանտ-պարկի» տարածքում գտնվող Wildberries...
Բելգորոդի մարզում հրթիռակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել
Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Կոլոսկովո գյուղի հրթիռակոծության հետևանքով վեց խաղաղ բնակիչ է զոհվել, ևս չոր...