Երկրներ, որոնք հրաժարվում են միանալ Թրամփի «Խաղաղության խորհուրդ»-ին․ FT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու նախաձեռնությունը բախվել է զգալի դիմադրության՝ բազմաթիվ հրավիրված պետությունների կողմից։ Financial Times-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ մի շարք երկրներ հրաժարվել են մասնակցությունից՝ նշելով նախաձեռնության նպատակների, կազմի և իրավական կարգավիճակի անորոշությունը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ անվստահության հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խորհրդի կազմում ընդգրկելու Թրամփի որոշումն է։ Այդ քայլը մտահոգություններ է առաջացրել հատկապես եվրոպական և տարածաշրջանային գործընկերների շրջանում, որոնք վտանգ են տեսնում նախաձեռնության քաղաքականացման և գործող միջազգային մեխանիզմների շրջանցման մեջ։ Որոշ դիվանագետներ նշել են, որ նոր մարմինը կարող է կրկնօրինակել կամ թուլացնել ՄԱԿ-ի դերակատարությունը հակամարտությունների կարգավորման գործընթացում։
Ֆրանսիան առաջիններից էր, որ մերժեց հրավերը։ Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ խորհրդի լիազորությունները և պատասխանատվության շրջանակները հստակ չեն։ Գերմանիան ավելի զուսպ դիրքորոշում է ցուցաբերել՝ նշելով, որ հնարավոր մասնակցությունը կքննարկվի միայն այն դեպքում, եթե կառույցի գործունեությունը լիովին համապատասխանի միջազգային իրավունքին և չհակասի գործող ինստիտուտներին։
Զուսպ արձագանք է եղել նաև Ուկրաինայից։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ դժվար է պատկերացնել համատեղ աշխատանք մի ձևաչափում, որտեղ ներգրավված են Ռուսաստանն ու Բելառուսը։ Նրա խոսքով՝ պատերազմի պայմաններում ցանկացած շեղում ուկրաինական օրակարգից մտահոգիչ է Կիևի համար։ Միաժամանակ Ուկրաինան հստակ պատասխան չի տվել խորհրդին միանալու հարցում։
Հավելենք, որ Գազայի «Խաղաղության խորհրդին» հրաժարվել է միանալ նաև Նորվեգիան, այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ Նորվեգիան կարծում է, որ կարգավորման առաջարկները պետք է ձևակերպվեն գործող կառույցների շրջանակներում, ինչպիսին է ՄԱԿ-ը։
Կանադայի ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ Օտտավան չի ծրագրում մեկ միլիարդ դոլար վճարել «Խաղաղության խորհրդում» մշտական տեղ զբաղեցնելու համար։
Նշենք, որ Թրամփը «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին հայտարարել է հունվարի 16-ին՝ ընդգծելով դրա հնարավոր դերը Գազայի հետպատերազմյան կառավարման մեջ։





























