Վարդան Ղուկասյանի առողջությունը վտանգված է կալանքի պայմաններում. Փաստաբան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հունվարի 7-ին տեղափոխվել է հիվանդանոց։


Aysor.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասել է, թե միշտ բարձրաձայնել են, որ Վարդան Ղուկասյանն առողջական խնդիրներ ունի։


«Դատարանը բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու և՛ հիվանդությունների բնույթը, և՛ դրանց համատեղելիությունը կալանքի հետ։ Հիմա այս հարցերի շրջանակում պարոն Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտությունների»,-ասել է փաստաբանը։


Նա նշել է, թե արդյունքները դեռ պարզ չեն, դրանք լինելուն պես կհրապարակեն։


Փաստաբանի խոսքով՝ կալանավայրի պայմանները համատեղելի չեն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի հետ։


«Այլընտրանքը կլինի տնային կալանք, գրավ, թե վարչական հսկողություն, դա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Հուսով ենք, որ բժշկական կենտրոնի պատասխանները մեկ շաբաթվա ընթացքում կունենանք»,-ասել է փաստաբանը։

Քաղաքականություն