Երևանում ծերունին էլեկտրամալուխներով էլեկտրահարելու միջոցով սպանել է կնոջը

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 55 խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ՝ 89-ամյա Եվգենիա Յ-ն էր։  Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ Եվգենիա Յ-ն մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։  Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Եվգենյա Յ-ին սպանելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 84-ամյա Ա. Քալանթարյանին։ 

 

Վերջինս կասկածվում է էլեկտրական մալուխներով կնոջ ձեռքի մատները կապելու միջոցով էլեկտրահարման եղանակով սպանելու մեջ։  Տեղում հայտնաբերվել են հանցագործության գործիք էլեկտրական մալուխները, որը քննիչը առգրավել է, իսկ արդեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 55 խումբը Ե. Քալանթարյանին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ 

Քաղաքականություն