ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լայնորեն տարածված ձևով շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել. Փաշինյան

Շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ շատ լայնորեն տարածված ձեւով շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա հավելեց, որ ինքը ՊԵԿ նախագահի հետ մի գաղափար են քննարկել. «Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, ես երեկ ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույնկերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող  քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,-ասաց Փաշինյանը: 

Արդարադության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այդտեղ խնդիր կա, քանի որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ գործերը համատարած անվավեր են ճանաչվում դատարանների կողմից, քանի որ հնարավոր չի լինում ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու հարցը: Այդ վեճը լուծելու համար մոտ 2 տարի առաջ առաջարկվել է հարկային տեսուչներին համապատասխան տեխնիկական միջոցներով զինել, որպեսզի տեսաձայնագրվի գնման փաստը, բայց բացասական եզրակացություններ են եղել ֆինանսների նախարարության կողմից: Մենք ունեինք գաղափար նույնը անելու, ՄԻԵԴ-ի տարբեր վճիռներ էինք ուսումնասիրում՝ հասկանալու համար, թե նման տեսաձայնագրումը արդյոք որեւէ խախտում կենթադրի, թե ոչ, քանի որ որոշակի առումով անձնական կյանքի միջամտություն է ենթադրում: Բայց գտանք, որ եթե բիզնեսի մոտ է տեսանկարահանումը կատարվում, դա անձնական տվյալներին չի առնչվում: Հիմա մենք պատրաստ ենք ՊԵԿ-ի եւ Ֆինանսների նախարարության հետ այդ ճանապարհով գնալ, որ տեսուչների կողմից տեսաձայնագրում արվի»,-ասաց նախարարը: 

Վարչապետի դիտարկմանը, որ ինքը նկատի ուներ, որ ոչ թե տեսուչի, այլ քաղաքացիների կողմից նման տեսանկարահանում կատարվի, Բադասյանն ասաց, որ ստուգման փաստը հանձնարարագրի բացում է ենթադրում եւ որոշակի ժամկետի ֆիքսում, որ այդ ժամկետում գնումը կկատարվի. «Այս առումով կարող է խնդրահարույց լինել քաղաքացու կողմից տեսաձայնագրումը»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես խնդիրն առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք: Գնացեք, գտեք լուծումներ: Մարդը պետք է հնարավորություն ունենա խատումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ եւ տուգանվել: Մենք այսօր ասում ենք՝ չի կարելի ծխախոտի մնացորդը նետել, աղբը նետել մեքենայից, այս անել, այն անել, բայց այն քաղաքացին,ո րի աչքի առաջ դա տեղի է ունենում, ինքը գոծելու լծակ, ըստ էության, չունի: Ասենք տեսա, որ մեկն իր մեքենայից աղբը շպրտեց, ի՞նչ անեմ, զանգեմ ոստիկանություն, հետո ինձ մի հատ կանչեն քննության, հետո հարցաքննության եւ այլն: հետո չկարողանամ ապացուցել, վերջում դառնա ուրիշ պատմություն»: 

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասաց, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան եւ իրենք դա կանեն: 

Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ որքան ինքը հիշում է բացարձակ իրավունք գոյություն չունի: ՄԻ պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ բացարձակ իրավունք է խոշտանգումից ազատ լինելու իրավունքը, ինչին վարչապետը ժպիտով արձագանքեց. «Այո, եւ մենք բոլորս պետք է այդ ՀԴՄ-ի խոշտանգումից ազատ լինելու իրավունքից լիարժեք օգտվենք»: 

«Կներեք, եթե խանութի աշխատողը մտնի քաղաքացու տուն, դարակը բացի եւ այնտեղից, ենթադրենք, 300 դրամ վերցնի, քաղաքացին ի՞նչ է անելու: Ասելու է՝ դե մեր դիմացի խանութի աշխատողն է, թող անի՞: Բռնելու է չէ՞ ձեռքից»,-ասաց վարչապետը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ