Գյումրիում անկարգությունների գործով 41 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով Քննչական կոմիտեն հարուցել է հանրային քրեական հետապնդում 41 անձի նկատմամբ։ Ինչպես հայտնում են ՔԿ-ից, նրանցից 24-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 15-ի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողություն։ Այս մասին գրում է Ազատությունը:
Կալանավորվածների թվում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները՝ Նարեկ և Գևորգ Ղուկասյանները, ապօրինի շինությունների բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանը։ Տնային կալանքի տակ է հայտնվել նաև ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը։
Հայտնի է, որ երկու անչափահաս նույնպես ներգրավված են գործով․ նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք։
Քրեական վարույթը նախաձեռնվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո։ Նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ, ինչի արդյունքում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացել են լարված իրավիճակներ ու բերման ենթարկվածներ։





























