Վարչապետի՝ պատարագին մասնակցելը, չի նշանակում միջամտություն եկեղեցու գործերին. Գալյան

Արդարադատության նախարարը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների ընթացքը:


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է, որ եկեղեցու գործերին միջամտություն չկա, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Հովհաննավանքում մատուցված պատարագին չի կարող դիտվել որպես սահմանադրական կարգի խախտում։


Գալյանի խոսքով՝ եկեղեցին չի մտնում սահմանադրական կարգ հասկացության մեջ, և որևէ պաշտոնատար անձի՝ այդ թվում վարչապետի, պատարագին մասնակցելը անձնական նախաձեռնություն է, ոչ պետական գործողություն։ «Եկեղեցու գործերին միջամտություն չկա։ Դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է՝ որոշելու՝ մասնակցե՞լ, թե ոչ»,– ասել է նա։


Նախարարը նաև հորդորել է չխառնել կոնկրետ եկեղեցականների անձնական դեպքերը ինստիտուցիոնալ կառույցի՝ եկեղեցու գործունեության հետ։


Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը դարձել են ավելի հաճախակի։ Նրա խոսքով՝ վերջին նիստում մի շարք հարցեր դրվել են քվեարկության, և առաջիկա երկու շաբաթում կսկսվի հանրային իրազեկման արշավը՝ ներկայացնելու հաստատված ձևակերպումները։ Նախաբանը և առաջին գլուխը դեռևս չեն քննարկվել։

Քաղաքականություն