Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, պետությունն ապագա չի ունենա. Սասուն Միքայելյան
ԵԿՄ նախագահը Եռաբլուրում անդրադարձել է հոկտեմբերի 27-ի դեպքերին, բանակի խնդիրներին և պարտադիր ծառայության ժամկետի կրճատմանը:
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հոկտեմբերի 27-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության չբացահայտվելը խորը հետևանքներ է թողել Հայաստանի պետականության վրա։ Նրա խոսքով՝ այդ օրը ոչ թե միայն կառավարությունն է գլխատվել, այլ խարխլվել է պետական հիմքը։
«Եթե Վազգենը կենդանի լիներ, Արցախի հետ կապված նման բան չէր կարող լինել»,– նշել է Միքայելյանը՝ ընդգծելով, որ դեպքի ամբողջական բացահայտումը ազգային անվտանգության հարց է։
Խոսելով երկրի պաշտպանության մասին՝ ԵԿՄ ղեկավարը նշել է, որ «այսօր մեր գերխնդիրը համախմբված, հզոր, բանակի կողքին լինելն է»։ Նրա տեղեկացմամբ՝ 44-օրյա պատերազմին մասնակցել է շուրջ 4 հազար երկրապահ, որոնցից 74-ը զոհվել են, 113-ը՝ վիրավորվել։
Միքայելյանը նաև արձագանքել է կառավարության որոշմանը՝ կրճատելու պարտադիր զինվորական ծառայության ժամկետը՝ նշելով, որ դա կառավարության որոշումն է, և նա չի ցանկանում մեկնաբանել՝ ճիշտ է, թե սխալ։ «Պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար պետք է առողջ երիտասարդություն։ Ցավոք, մեր երիտասարդների մեծ մասը հիվանդ է և ազատվում է ծառայությունից»,– հավելել է նա։
Անդրադառնալով զինծառայողների թվի հնարավոր կրճատմանը՝ Միքայելյանը նշել է․ «Չեմ կարծում, որ դա վտանգ կառաջացնի։ Ավելի կարևոր է, որ մենք ունենանք որակյալ, պրոֆեսիոնալ զինվորներ։ Որակ է պետք»։






























