Թրամփը հրավիրել է 58 երկրների՝ միանալու «Խաղաղության խորհրդին»․այն միայն Գազայի համար չէ
ԱՄՆ-ը հայտարարել է, որ ստեղծվող «Խաղաղության խորհուրդը» նախատեսված չէ միայն Գազայի համար և կունենա ավելի լայն՝ համաշխարհային մանդատ։ Axios-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա՝ ներկայացնելով նախաձեռնության հիմնական մոտեցումները։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավեր է ուղարկել 58 պետությունների ղեկավարների՝ միանալու «Խաղաղության խորհրդին»։ Պաշտոնյան նշել է, որ խորհուրդը դիտարկվում է որպես գլոբալ խաղաղության ձևաչափ, թեև Թրամփը առաջնահերթ ուշադրություն է դարձնում Ամերիկայի տարածաշրջանին՝ ընդգծելով ԱՄՆ-ի առաջատար դերը միջազգային գործընթացներում։
Axios-ը գրում է, որ Թրամփը, հավանաբար, կանդրադառնա խորհրդի գործունեությանը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ստացել է հրավեր՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդին»։ Նրա խոսքով՝ այդ հնարավորությունը ներկայումս ուսումնասիրվում է ռուսական կողմի կողմից։ Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր է ուղարկել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։





























