Հայաստանը չի կարող համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ չափանիշները. Լավրով

Եվրոպական միության ստանդարտներին անցնելը, միաժամանակ պահպանելով Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, տեխնիկապես անհնար է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2025 թվականի ընթացքում ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։


Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործառնական սկզբունքներին ծանոթ ցանկացած մասնագետի համար ակնհայտ է, որ այդ երկու համակարգերի կարգավորումները և չափանիշները չեն կարող կիրառվել միաժամանակ մեկ երկրի կողմից։ Լավրովը նշել է, որ խոսքը ոչ թե քաղաքական գնահատականի, այլ տեխնիկական անհամատեղելիության մասին է։


ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս հարցը բազմիցս պարզաբանվել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից՝ Հայաստանի իր գործընկերների հետ ունեցած շփումների ընթացքում։ Նրա խոսքով՝ այդ բացատրությունները վերաբերում են հատկապես տնտեսական և կարգավորիչ մեխանիզմների տարբերություններին։


Լավրովի հայտարարությունը հնչել է Հայաստանի եվրոպական ինտեգրման ձգտումների վերաբերյալ հարցի համատեքստում՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ շրջանակում գործող միասնական կանոնակարգերը չեն համընկնում ԵՄ ստանդարտների հետ։


Քաղաքականություն

Պատահարներ