Զարկերակային ցանցի անբավարարությունը կարող է հանգեցնել սրտի կանգի․ Ղուկասյանի բժիշկը հայտարարություն է արել

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկի կոչ-հայտարարությունը.


«Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։


Լինելով պարոն Ղուկասյանի անձնական բժիշկը՝ անհասկանալի պատճառներով զրկված եմ նրան տեսնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից։ Փաստացիորեն շտապ բժշկական օգնության ծառայությունը ևս չի կարող մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։


Կոչ եմ անում և խնդրում՝ ցուցաբերել անհրաժեշտ և անհապաղ մոտեցում, քանի որ ցանկացած ուշացում կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։


Պարոն Ղուկասյանը վերջերս դուրս է գրվել բժշկական կենտրոնից, որտեղ նրա մոտ, ի թիվս այլոց, ախտորոշվել են՝

• սրտի իշեմիկ հիվանդություն,

• կայուն ստենոկարդիա՝ III ֆունկցիոնալ դաս,

• սրտամկանի կրած ինֆարկտ,

• շաքարային դիաբետ՝ 2-րդ տիպ, ծանր ընթացքով,

• աորտայի լայնացում։


Վերլուծելով հիվանդի ուղեկցող հիվանդությունները՝ շաքարային դիաբետ (թիրախ օրգանների ախտահարումներով), հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոտիկ ախտահարում, որովայնային տիպի ճարպակալում, ինչպես նաև խոլեստերինի ֆրակցիաների տվյալները, հիվանդի վիճակը գնահատվել է որպես բարձր ռիսկային՝ ըստ SCORE2 սանդղակի։


Նշեմ նաև, որ կորոնար անգիոգրաֆիկ տվյալների համաձայն հայտնաբերվել են՝

• LAD զարկերակի մոտակա հատվածի 20% նեղացում,

• LAD միջին հատվածի 60% նեղացում,

• LCX միջին հատվածի էկտատիկ լայնացում,

• դիագոնալ D2 զարկերակի 90% նեղացում։


Այսպիսի բարձիթողի և անկայուն վիճակում զարկերակային ցանցի շարունակական անբավարարությունը կարող է հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի՝ իր բոլոր ծանր բարդություններով, ընդհուպ մինչև սրտի կանգ։


Վահան Հակոբջանյան

Բժիշկ-սրտաբան»։



Ավելի վաղ հայտնել էինք Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան։

Քաղաքականություն

Պատահարներ