Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն

Գործարար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից այսօր տեղափոխվեց տուն։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցներն ու համակիրները։

Հավաքվածները սկսեցին ծափահարել, երբ Սամվել Կարապետյանին տեղափոխող մեքենան մոտեցավ տանը և սկսեցին վանկարկել «Սամվել», «Ազատություն Սամվել Կարապետյանին»:

Կարապետյանը ոստիկանական մեքենայից դուրս եկավ, ձեռքով ողջունեց հավաքվածներին և մտավ տուն։ Քաղաքացիական հագուստով իրավապահները, նրան թևանցուկ անելով, տարան տուն։ Կապարետյանի թիմակիցները նախապես հայտարարել էին, որ նրա հետ հաղորդակցելն արգելված է օրենքով։

Մինչ այդ, տան մոտ եկան ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության աշխատակիցները։

Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։


Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։

Հունվարի 16-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ բեկանվել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ գործարարի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննել է Կարապետյանի խափանման միջոցի հարցը և որոշել է տնային կալանք կիրառել։

Քաղաքականություն