Խաղաղության Նոբելյան մրցանակի փոխանցումը Թրամփին բացառված է. կոմիտեն հայտարարություն է արել
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն իրավասու չէ իր մրցանակը փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Համապատասխան պարզաբանումը հրապարակվել է կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ։
Նոբելյան կոմիտեն ընդգծել է, որ մրցանակը չի կարող հետ կանչվել, բաժանվել կամ փոխանցվել այլ անձի։ Հայտարարության մեջ նշվում է, որ մրցանակի շնորհման վերաբերյալ որոշումը վերջնական է և չի ենթարկվում վերանայման՝ համաձայն Նոբելյան հիմնադրամի կանոնադրության 10-րդ կետի։
Կոմիտեի արձագանքը հաջորդել է Մարիա Կորինա Մաչադոյի՝ Fox News-ին տված հարցազրույցին։ Վերջինս հայտարարել էր, որ պատրաստ է իր մրցանակը փոխանցել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ իրականացված գործողությունից հետո։
Նոբելյան կոմիտեն, սակայն, շեշտել է, որ նման քայլը իրավական և կանոնադրական առումով անհնար է՝ անկախ հայտարարությունների կամ քաղաքական զարգացումների բովանդակությունից։






























