Հասարակություն

Կնվազեցվի բարձր որակավորմամբ մասնագետների աշխատավարձի փոխհատուցման չափը

Edita
Կնվազեցվի բարձր որակավորմամբ մասնագետների աշխատավարձի փոխհատուցման չափը

Կառավարությունը Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակում կնվազեցնի բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը, նաև ևս մեկ տարով կերկարաձգի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործունեության ժամկետը: 


Այս որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության այսօրվա նիստում: 


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրեց, որ կառավարությունը դեռ 2020 թվականի մարտին հաստատել էր Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը: Օժանդակությունը տրամադրվում է նպատակային վարկի կամ լիզինգի տարեկան տոկոսադրույքի 6-10 տոկոսի սուբսիդավորման ձևով: 2022 թվականի մարտից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը ծրագրի շրջանակում կնքվել է 6559 պայմանագիր՝ 341.8 մլրդ դրամ ընդհանուր պորտֆելով: Նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված պորտֆելի 82 տոկոսն ուղղվել է փոքր ու միջին ձեռնարկատիրությունների ֆինանսավորմանը:


«Հաշվի առնելով ծրագրի մեծ պահանջարկը, հնարավոր շահառուների մեծ թվաքանակը, ինչպես նաև նախանշված նպատակները՝ առաջարկվում է նպատակային ծրագրի վերջնաժամկետը երկարաձգել՝ սահմանելով 2025թ դեկտեմբերի 31-ը: Առաջարկվում է նաև խորհրդատվական, աուդիտորդական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական, աուդիտորդական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունը»,-ասաց Պապոյանը:


Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել էր Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել ՀՀ-ում գործող ընկերությունների արտադրողականությունը՝ տնտեսավարողներին աջակցելով ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների: Նպատակային ծրագրի շրջանակներում փոխհատուցվում է տնտեսավարողների կողմից ներգրավված բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20-70 տոկոսը:


2023 թվականի հունվարից մինչև 2024թ դեկտեմբերի 1-ը շուրջ 60 կազմակերպությունից ստացվել է 763 հայտ: Այս պահին շահառու կազմակերպությունները  45-ն է՝ 510 բարձր որակավորում ունեցող մասնագետով:


«Առաջարկվում է շահառուների ցանկից հանել ֆինանսական և ապահովագրական գործունեություն և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին: Ֆինանսական և ապահովագրական գործունեությունն ունի բարձր ինքնաֆինանսավորման հնարավորություններ՝ շնորհիվ առկա եկամուտների և շահութաբերության մակարդակի: Իսկ մեծածախ և մանրածախ առևտուրը համարում ենք, որ խիստ մրցակցային է և հաճախ ցածր հավելյալ արժեք ստեղծող ոլորտ է: Բացի այդ բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը նվազեցնում են՝ 20-ի փոխարեն սահմանելով 10, 50-ի փոխարեն՝ 30, 70-ի փոխարեն՝ 50»,-ասաց Պապոյանը և հավելեց, որ շահառուների 95-ից ավելի տոկոսը բարձր տեխնոլոգիական ոլորտն է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250