Մենք այլընտրանք չունենք, պետք է բանակցենք Իսրայելի հետ. Լիբանանի նախագահ
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը նշել է, որ անհրաժեշտ է սկսել բանակցություններ Իսրայելի հետ՝ ընդգծելով, որ իր երկրի համար այլ տարբերակ չկա։ «Բանակցություններն ընթանում են ոչ թե ընկերների և դաշնակիցների, այլ թշնամիների միջև։ Սակայն բանակցությունների լեզուն ավելի լավ է, քան պատերազմինը»,- ասել է նա։
Աունի խոսքով՝ քաղաքականությունն ունի երեք գործիք՝ դիվանագիտություն, տնտեսություն և պատերազմ։ Նա ընդգծել է, որ երբ պատերազմը ձախողվում է, բանակցությունները դառնում են միակ ելքը։ «Յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է բանակցություններով։ Պատերազմի լեզուն միայն ավերածություններ է բերում»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանը կոչել էր ձախողված պետություն՝ նշելով, որ այն տարածաշրջանի միակ երկիրն է, որը հրաժարվում է աջակցել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխություններին։ «Լիբանանը «Հեզբոլլահն» է»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելի հարձակումները Հարավային Լիբանանի ուղղությամբ պայմանավորված են շիա խմբավորման զինաթափվելուց հրաժարվելու հանգամանքով։
Բարաքը նաև հայտարարել է, որ լիբանանցիներն իրենք պետք է որոշեն իրենց ապագան։ «Ամերիկան չի պատրաստվում ներգրավվել իրավիճակում, երբ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունը և ձախողված պետությունը թելադրում են տեմպը և պահանջում ավելի շատ ռեսուրսներ, միջոցներ և օգնություն»,- նշել է նա։





























