3-ամյա Տիգրանի սպանության գործով հայրը կկալանավորվի

3-ամյա Տիգրան Օվանեսովի սպանության գործով ձերբակալված հայրը կկալանավորվի։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել են, որ դատարան է ներկայացվել միջնորդություն՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։


Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է, որ տեղի ունեցածը սպանություն է։ Նախարարի խոսքով՝ տղամարդը խեղդամահ է արել սեփական որդուն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դրսում հանդիպել են իրենց հորը, և հենց այդ պահին էլ կատարվել է հանցագործությունը։ Սարգսյանի փոխանցմամբ՝ հայրը երեխայի դին մի քանի անգամ տեղափոխել է տարբեր հատվածներ, ինչը բարդացրել է որոնողական աշխատանքները։


Քննչական կոմիտեն հայտնել է, որ երեխայի մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։


Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկներն ու ոստիկանները Տիգրան Օվանեսովի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։