Հայտնի է` ինչու է Դավթաշենում սպանվել բլոգեր Շմավոն Աթոյանը
                                        
                                        
                                        
                                    Դավթաշենում տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել է 33-ամյա Շմավոն Աթոյանը, ով եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն տարածքային կառույցի անդամ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է աղջկա հետ կապված վեճ։ Նշվում է, որ երիտասարդի հասցեին հնչած դժգոհությունը հանգեցրել է լարված իրավիճակի, որի ընթացքում հնչել է կրակոց՝ մահացու հետևանքով։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է 30-ամյա երիտասարդ։ Քննությունը շարունակվում է՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։
ՆԳՆ-ից ևս անդրադարձել են սպանությանը. «Հայտնում ենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, որի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հանդես է եկել համապատասխան հաղորդագրությամբ։
Հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել: Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։
Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է: Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ պարկուճ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագորությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։
Հանգամանքները պարզվում են։ Ընթանում է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ։
                        




























