Փաշինյանը՝ Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին

Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև Ադրբեջանի նախագահն ասել է, որ եթե նայենք ցարական քարտեզներով, Սևանա լիճ չկա, կա այլ անուն։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը։


Նշենք, որ Ալիևը մեկ օր առաջ հայտարարել էր․


«Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ։ Այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»։


Փաշինյանի խոսքով՝ գործարքի էությունը կայանում է նրանում, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ ըստ Վաշինգտոնի հռչակագրի, իրականացնում են սահմանազատում (դելիմիտացիա)՝ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա և «հանգիստ են թողնում միմյանց»։


«Շատ պարզ բան է․ պետք է պարզապես հանգիստ թողնել միմյանց։ Այլ բան անելու կարիք չկա», - նշել է Փաշինյանը։


Վարչապետը հավելել է, որ այս տեսլականն ամրագրված է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրում, որի առաջին հոդվածում ասվում է․ «Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»։ Փաշինյանը նշել է, որ համաձայնագրի հաջորդ հոդվածով կողմերը հաստատում են՝ միմյանց նկատմամբ չունեն և չեն ունենալու տարածքային պահանջներ, ինչպես նաև չեն իրականացնի որևէ գործողություն, որը կարող է խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։ Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի նախաբանում ևս հղում կա Ալմաթայի հռչակագրին, ինչը փաստում է, որ խաղաղության ճարտարապետությունը քաղաքական մակարդակում ամբողջությամբ կառուցված է։


«Այս փուլում խնդիրներ չունենք քաղաքական մակարդակում։ Խնդիրները առավելապես սոցիալ-հոգեբանական բնույթի են»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ հասարակությունների միջև դեռևս առկա են փոխադարձ անվստահության և հոգեբանական դիմադրության տարրեր։


Փաշինյանը նաև նկատել է, որ Հայաստանում և Ադրբեջանում առկա են համընկնող սոցիալ-հոգեբանական երևույթներ՝ օրինակ բերելով, որ որքան Ադրբեջանում ավելի հաճախ են հիշատակում «Բասարգեչար» անունը, այնքան Հայաստանում հնչում է «Արցախ» բառը։

Քաղաքականություն