Տնտեսություն

Ինչու են կրկին անփոփոխ թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ԿԲ նախագահը պարզաբանեց

Edita
Ինչու են կրկին անփոփոխ թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ԿԲ նախագահը պարզաբանեց

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պարզաբանեց, թե ինչու է կենտրոնական բանկը կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 տոկոս։


Գալստյանի խոսքով` մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներն ընդհանուր առմամբ ակնկալում են, որ ԿԲ-ն միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 6.25-6.5 տոկոս։


«ԿԲ-ն, քննարկելով հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցության հետ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճը, խոսքը ԱՄՆ-ի մասին է, ինչպես նաև ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման ռիսկերը, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ վերաֆինանսավորման ավելի բարձր տոկոսադրույքի ուղի, որոշեց անփոփոխ թողնել տոկոսադրույքը»,- ասաց նա։


ԿԲ նախագահը հայտնեց նաև, որ իրենց կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.25 % է, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:


Ներկայացնելով ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը` Գալստյանը նշեց, որ 2025 թ. 3-րդ եռամսյակում 12-ամյսա գնաճը փոքր-ինչ արագացել է` սեպտեմբերին կազմելով 3.7 տոկոս։


«2025 թ. 3-րդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն ավելացել է, որին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաև որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների ազդեցությունը։ Արձանագրվել է նաև տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ»,- նշեց Գալստյանը։


Նա նաև վստահեցրեց, որ ԿԲ խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է համարժեք գործողություններ ձեռնարկել միջնաժամկետ հորիզոնում գնաճը 3 տոկոսանոց նպատակային ցուցանիշի վրա կայունացնելու համար։


Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նաև ԿԲ-ի հիմնական գործիքն է ֆինանսական շուկայի և տնտեսության կարգավորման գործում։ Այդ տոկոսադրույքի բարձրացման կամ նվազեցման միջոցով ԿԲ-ն ազդում է նաև գնաճի վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250