Սերբիայի նախագահը պատրաստ է արտահերթ ընտրությունների

Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտնել է, որ պատրաստ է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել մինչև գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը։


Նրա խոսքով՝ «հարգելով մեր երկրում զգալի փոքրամասնություն կազմող ցուցարարների պահանջները՝ մենք կգնանք նրանց ընդառաջ, և ընտրությունները կանցկացվեն ժամկետից շուտ»։


Նշենք, որ Սերբիայում բողոքները շարունակվում են 2024 թվականի նոյեմբերից՝ Նովի Սադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ծածկի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ։ Ցուցարարները պահանջում են արտահերթ ընտրություններ, կայարանի վերակառուցման վերաբերյալ բոլոր փաստաթղթերի հրապարակում, պատասխանատվություն ողբերգության մեջ ներգրավված պաշտոնյաների համար և բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակումը։


Օգոստոսի կեսերից ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Տարբեր քաղաքներում իշխանության հակառակորդները հարձակվել և հրկիզել են իշխող Սերբական առաջադիմական կուսակցության գրասենյակները։

Քաղաքականություն