ԿԲ նախագահի տեղակալի ստորագրությունը կեղծել են
                                        
                                        
                                        
                                    ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ բանկային համակարգում վարկային պորտֆելի ծավալը կազմում է շուրջ 7 տրիլիոն դրամ, և բարդ է վերահսկել յուրաքանչյուր զեղծարարության դեպք։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ երկրի բանկային համակարգում քաղաքացիների վարկային պորտֆելը հասնում է մոտ 7 տրիլիոն դրամի։ Նրա խոսքով՝ նման ծավալների դեպքում յուրաքանչյուր զեղծարարության դեպքի վերահսկումը բավականին բարդ է։
Գալստյանն ընդգծեց, որ աշխարհում չկա երկիր, որի բանկային համակարգում զեղծարարություններ չլինեն։ «Այս ուղղությամբ ԿԲ-ն պարբերաբար միջոցառումներ է ձեռնարկում։ Մեր նպատակն է այդ դեպքերի քանակը նվազեցնել և հետագայում ինստիտուցիոնալ լուծումներ ապահովել»,- ասաց նա։
ԿԲ նախագահը նաև պատմեց, որ վերջերս իրեն ցույց են տվել մի փաստաթուղթ, որտեղ կեղծվել էր իր տեղակալի ստորագրությունը։ «Իհարկե, նման ստորագրություն նա չունի, սակայն այդ թղթի վրա դրված էր սոցիալական ապահովության ինչ-որ հիմնադրամի կնիք՝ զեղծարարություն կատարելու նպատակով։ Սա նշում եմ, որպեսզի մեր քաղաքացիներն անպայման հետևեն անվտանգության հիգիենայի կանոններին։ Եթե զանգ են ստանում ֆինանսական կառույցից, թող լինեն կասկածամիտ, անմիջապես չվստահեն, անջատեն և հետ զանգեն՝ համոզվելու համար, որ խոսում են ճիշտ անձի հետ»,- նշեց Գալստյանը։
Նշենք, որ օգոստոսի 5-ի մամուլի ասուլիսում ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հայտնել էր, որ Կենտրոնական բանկը պատրաստվում է ներդնել զեղծարարությունների ռիսկերի կառավարման համակարգ։
                        




























