Միջադեպ՝ 50 համարի երթուղու ավտոբուսում. վարորդը տվել է հաղորդում հանցագործության մասին
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Նոյեմբերի 2-ին անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը արդեն այսօր տվել է հաղորդում հանցագործության մասին։ «Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։ Վարորդը ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։
Դրանից հետո ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ վարորդի նկատմամբ՝ դրանք ուղեկցելով հայհոյանքներով, սպառնացել և փորձել վնասել համայնքային գույքը։ Տեսնելով վարորդի սառը վերաբերմունքը և հորդորը՝ պարզապես իջնել տրանսպորտային միջոցից, ուղևորը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ վարորդը իրեն առևանգել է, հնչեցրել սպառնալիքներ և հարվածել։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը արդեն այսօր տվել է հաղորդում հանցագործության մասին, իսկ ավտոբուսի տեսախցիկները ըստ պատշաճի պատրաստ են տրամադրվելու քննությունն իրականացնող մարմնին։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն երթևեկությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած դեպք»,- ասված է գրառման մեջ։





























