Քանի ուսուցիչ է դիմել ատեստավորման համար. նախարարը մանրամասնեց
                                        
                                        
                                        
                                    Հայաստանում ավելի քան 6300 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորում՝ բարձրացնելով իրենց վարձատրությունը։ Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ երկու մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում։
Հոկտեմբերի 23-ին նախարարությունը հրապարակել էր կամավոր ատեստավորման օրերը, ժամերը և քննական կենտրոնները՝ նշելով, որ փոփոխությունները վերաբերում են հանրակրթական դպրոցների ուսուցիչներին։ ՀՀ տարբեր մարզերից պատմության 300 ուսուցիչ բաց նամակով դիմել էր նախարարությանը՝ պահանջելով փոխել ժամկետները, որոնք, նրանց խոսքով, փոփոխվել էին վերջին պահին։ Հոկտեմբերի 27-ին նախարարի հրամանով ատեստավորման անցկացման օրերը մեկ շաբաթով հետաձգվել էին։
Անդրեասյանի խոսքով՝ 2019 թվականին Հայաստանում ավելի քան 2200 ուսուցիչ չուներ բարձրագույն կրթություն, մինչդեռ այսօր դրանց թիվը նվազել է մինչև 594։ Վերջիններս նույնպես կամավոր ատեստավորվել են և հաստատել իրենց մասնագիտական գիտելիքները։ Ըստ նախարարի՝ այս պահին ավելի քան 6300 ուսուցիչ արդեն կամավոր ատեստավորվել է, իսկ շուրջ 8400-ը ներկայացրել է մասնակցության դիմում, և գործընթացը մեկնարկելու է այս շաբաթ։
Նա հավելեց, որ ուսուցիչների մոտ կեսն արդեն կամավոր ատեստավորվել է կամ դիմել է այդ համակարգին միանալու համար։
Անդրեասյանը նաև նշեց, որ 2026 թվականին ուսուցիչների խրախուսման ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 20 միլիարդ դրամ՝ կրկնակի ավելի, քան 2024-ին։
                        




























