Նորակերտում «Վեոլիա Ջուրը» չի լուծում վնասված խողովակի հարցը. ՀԺ
Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի (համայնքը Փարաքար խոշորացման համայնքի կազմում է այժմ) վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանը «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է դիմել՝ ահազանգելով, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ համայնքում վթարման հետևանքով վնասվել է այն խողովակը, որը տեղի բնակիչներին ապահովում է խմելու ջրով, սակայն «Վեոլիա Ջուր» ընկերությունը հարցին լուծում չի տալիս:
Ըստ վարչական ղեկավարի՝ տեղյակ չեն, թե ինչի հետևանքով է խողովակը վնասվել, սակայն ջուրը դուրս է հոսում:
«Խողովակը գտնվում է Նորակերտի կենտրոնական փողոցում։ Ինձ բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ ջուրը հոսում է դեպի իր բակ, հետո պարզվեց, որ ընդհանուր խողովակը վնասվել է։ Սկզբում ինքն է ահազանգել ընկերությանը, մի քանի շաբաթ անց նոր եկել են, ասել՝ կգանք կվերանորոգենք, բայց չեն եկել։ Դրանից հետո զանգահարել ենք իրենց թեժ գծի հեռախոսահամարին, ես զանգել եմ իրենց ինժեներին, կրկին ասել են՝ կգանք ու մինչ այսօր դեռ չեն եկել»,- մանրամասնում է Գարսևանյանը:
Նրա խոսքով՝ ընկերությունից նաև հայտնել են, թե «ավելի կարևոր գործեր» ունեն։
Բնակիչներին ու վարչական ղեկավարին, սակայն, անչափ մտահոգում է խողովակի բաց լինելու հանգամանքը ու դրանից բխող այն խնդիրները, որոնք կարող են վնաս հասցնել նաև մարդկանց առողջությանը․ «Խմելու ջրի հետ կատակ անել չի կարելի, այդ վնասված հատվածը կարող է տարբեր ինֆեկցիաների հանգեցնել»։
Խնդրին չարձագանքելու և անտարբեր վերաբերմունք ցուցաբերելու հանգամանքում Գարսևանյանը քաղաքական միտումներ է նկատում:
«Ես խոսել եմ այլ ինժեների հետ՝ Խաչիկ էր անունը, ասաց՝ «իմ ղեկավարը ինձ այլ տեղ է ուղարկում»։ Իսկ նրա ղեկավարը «Ապրելու երկիր» կուսակցությունից է, ես դա գիտեմ։ Գաղտնիք էլ չէ, որ մեր նախկին ղեկավարը ունեցել է ապօրինի ջրագիծ, իսկ ընկերությունը եկել էր, որ վերականգներ այդ ջրագիծը, այսինքն՝ դարձներ ընդհանուր ու ավելացնեին Նորակերտի միասնական ջրագծին: Մենք դա թույլ չտվեցինք անել, ու իր հարցը լուծում չստացավ։ Հիմա միգուցե դա է պատճառը, որ ուզում են մեզ վնասել՝ այս դեպքը չկարգավորելով»,- ասում է նա։
Հարցի առնչությամբ կապ ենք հաստատել նաև «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Զառա Նազարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնել է, որ մի քանի օր է պետք՝ ուսումնասիրելու և պարզելու՝ այդպիսի ահազանգ ստացվե՞լ են, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ բոլոր ահազանգերը գրանցվում են ընկերության 1։85 թեժ գծի համարին։
Ինչ վերաբերում է Նորակերտի վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանի կասկածներին, որ գուցե քաղաքական միտում կա, Զառա Նազարյանը վստահեցնում է. «Բացառվում է, մոռացեք դա, քաղաքական որևէ նկրտումներ բացառվում են՝ ով էլ լինի, կամ ում հետ էլ հարցը կապված լինի»։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինից էլ տեղեկացրել են, որ նման ահազանգեր վերջին օրերի ընթացքում չեն գրանցվել, սակայն, եթե բնակիչները կցանկանան ահազանգել, ապա կարող են դիմել տեսչական մարմին, ներկայացնել խնդիրը, որից հետո կառույցը վարչական վարույթ կիրականացնի։