Վարդենիսում քանդել են անասնագոմի պատը ու հափշտակել են 27 գլուխ գառ և 3 գլուխ ուլ․ ԶԼՄ

Հունիսի 26-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի, սակայն Գեղարքունիքի մարզի Գեղամասար բնակավայրում բնակվող 48-ամյա Մաքսիմ Գևորգյանը և հայտնել, որ առավոտյան նկատել է՝ անասնագոմից գողություն է կատարվել:

 

Գևորգյանը հայտնել է, որ հունիսի 25-ի ժամը 20:00-ից միչև հունիսի 26-ի 05:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր առանձնատան բակում գտնվող անասնագոմի քարե պատը քանդելու և անցք բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողացել իրեն պատկանող 27 գլուխ գառ և 3 գլուխ ուլ:

 

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Գևորգյանը հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 1 մլն 500 հազար ՀՀ դրամի վնաս: