Քաղաքականություն

ԱՄՆ-ը խստացնում է օտարերկրյա լրագրողների և ուսանողների վիզային կանոնները

ԱՄՆ-ը խստացնում է օտարերկրյա լրագրողների և ուսանողների վիզային կանոնները

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը փոփոխություններ է կատարել օտարերկրացի լրագրողներին, ուսանողներին և փոխանակման ծրագրերի մասնակիցներին վիզաների տրամադրման կանոններում՝ սահմանափակելով նրանց՝ երկրում մնալու ժամկետը ֆիքսված ժամանակահատվածով։


Ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում՝ Դաշնային գրանցամատյանում զետեղված գերատեսչության ծանուցման մեջ նշվում է այս որոշման մասին։ Ինչպես երևում է փաստաթղթից, ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ կանոնների այս փոփոխությունը նրանց կտրամադրի «լրացուցիչ պաշտպանություն և ավելի մեծ վերահսկողություն»։ Դա նաև «հնարավորություն կտա ավելի մանրակրկիտ հետևել՝ արդյոք նշված ոչ ներգաղթային վիզաների տիրապետողները պահպանո՞ւմ են իրենց կարգավիճակը ԱՄՆ-ում ժամանակավոր գտնվելու ընթացքում»։


Օտարերկրյա լրագրողները, ուսանողները և փոխանակման ծրագրերով ժամանողները ստանում են համապատասխանաբար I, F և J կարգի վիզաներ։ Նախկին կանոնների համաձայն՝ այս փաստաթղթերը հնարավորություն էին տալիս մնալ Միացյալ Նահանգների տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում էին երկիր ժամանելու նպատակներն ու պայմանները, օրինակ՝ քանի դեռ անձը շարունակում էր աշխատել արտասահմանյան լրատվամիջոցում կամ սովորել ամերիկյան բուհում։ Մինչ այժմ նման վիզաները հիմնականում չունեին գործողության ֆիքսված ժամկետ։


Համաձայն նոր կանոնի՝ արտասահմանցի լրագրողները կկարողանան ԱՄՆ մուտք գործել աշխատանքային նպատակներով ոչ ավելի, քան 240 օր ժամկետով, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կարող են երկարաձգել այն։ Չինաստանի քաղաքացիների համար առաջարկվում է այդ ժամկետը սահմանափակել 90 օրով։ Իսկ օտարերկրացի ուսանողներն ու փոխանակման ծրագրերով ժամանող անձինք կկարողանան երկրում գտնվել ուսման կամ փոխանակման ծրագրի տևողության ընթացքում, բայց ոչ ավելի, քան չորս տարի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250