Հասարակություն Կարևոր

Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում

Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում

Ռուսաստանում վառելիքի սուր ճգնաժամի պատճառով առաջացած լցակայանների հերթերում գրանցվել է թոշակառուների մահվան առնվազն երկու դեպք։


Լիսվա քաղաքում (Պերմի երկրամաս) հուլիսի 14-ի երեկոյան լցակայանում սպասելիս մահացել է 80-ամյա մի տղամարդ, հայտնում է տեղական «Искра» պարբերականը: Պրիկամյեի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ կանչով ժամանած շտապօգնության բրիգադն իրականացրել է վերակենդանացման միջոցառումներ, սակայն թոշակառուի կյանքը փրկել չի հաջողվել: Որպես մահվան նախնական պատճառ նշվում է սրտային անբավարարությունը։


Դրանից առաջ Պետրոզավոդսկում (Կարելիայի Հանրապետություն) լցակայանի հերթում մահացել էր 75-ամյա մի վարորդ: Ինչպես հայտնում է ASTRA-ն՝ հղում անելով ականատեսների վկայություններին, ողբերգական դեպքը գրանցվել է Հանրապետական հիվանդանոցի մոտ։ ՆԳՆ-ում հաստատել են մահվան փաստը, սակայն դրա հստակ պատճառը չեն նշել։


Հերթերում արձանագրվող մահվան դեպքերը տեղի են ունենում վառելիքի համատարած դեֆիցիտի ֆոնին, որը համակել է ամբողջ Ռուսաստանը: Reuters-ի իրազեկ աղբյուրների տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո Ռուսաստանը զրկվել է իր նավթավերամշակման գործարանների հզորությունների շուրջ 40%-ից։ EA Analytics-ի գնահատմամբ՝ հուլիսին նավթավերամշակման ծավալը նվազել է օրական մինչև 3,91 միլիոն բարելի, ինչը նվազագույն մակարդակն է 2005 թվականից ի վեր և 27%-ով ցածր է, քան նախորդ տարի։ Energy Intelligence-ի վերլուծաբաններն արտադրությունն էլ ավելի ցածր են գնահատում՝ օրական 3,58 միլիոն բարել, ինչը կարող է դառնալ նվազագույնը 2002 թվականից ի վեր։


Ներկայում, Energy Intelligence-ի տվյալներով, Ռուսաստանում պարապուրդի մեջ են գտնվում օրական շուրջ 3,1 միլիոն բարել ընդհանուր արտադրողականությամբ հզորություններ, իսկ նավթամթերքի ամսական դեֆիցիտը գնահատվում է 400-600 հազար տոննա։ Վառելիքի վաճառքի պաշտոնական սահմանափակումներ են մտցվել ավելի քան 40 տարածաշրջանում, սակայն, The Insider-ի հաշվարկներով, տարբեր լիմիտներ ու արգելքներ փաստացի գործում են Ռուսաստանի գրեթե բոլոր սուբյեկտներում, ինչպես նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250