Հասարակություն

SPF, ջուր և ճիշտ ժամեր․ ՀՎԿԱԿ-ը ներկայացրել է անվտանգ արևայրուքի կանոնները

SPF, ջուր և ճիշտ ժամեր․ ՀՎԿԱԿ-ը ներկայացրել է անվտանգ արևայրուքի կանոնները

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է գեղեցիկ ու անվտանգ արևայրուք ստանալու վերաբերյալ ուղեցույց։


Ամառը, ծովը և արևը շատերի համար անբաժանելի են, սակայն գեղեցիկ արևայրուք ունենալու համար անհրաժեշտ է այն ստանալ աստիճանաբար՝ զերծ պահելով մաշկը վնասներից։


Քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների չափից երկար ներգործությունը կարող է վնաս հասցնել մաշկին, արևայրուք ընդունելիս խորհուրդ է տրվում պահպանել հետևյալ պարզ կանոնները.


  • Արևայրուք ընդունեք աստիճանաբար։ Սկզբնական օրերին արևի տակ մնացեք ընդամենը 15-20 րոպե, իսկ հետո աստիճանաբար երկարացրեք այդ ժամանակահատվածը։


  • Նախընտրելի է արևի տակ գտնվել մինչև ժամը 11:00-ը կամ 17:00-ից հետո, երբ արևի ճառագայթներն ավելի նվազ ինտենսիվ են։


  • Կիրառեք SPF 30 և ավելի բարձր պաշտպանությամբ արևապաշտպան միջոցներ։ Քսուքը հարկավոր է քսել արևի տակ դուրս գալուց 15-20 րոպե առաջ և թարմացնել յուրաքանչյուր 2 ժամը մեկ, ինչպես նաև ամեն անգամ ջրից դուրս գալուց հետո։


  • Պարտադիր խմեք բավարար քանակությամբ ջուր, քանի որ արևի տակ գտնվելիս օրգանիզմն ավելի արագ է ջրազրկվում։


  • Գլխարկի և արևային ակնոցի օգտագործումը նույնպես էական է, նույնիսկ եթե ցանկանում եք արևայրուք ստանալ։


  • Եթե նկատում եք մաշկի կարմրություն կամ զգում եք այրոց, անմիջապես տեղափոխվեք ստվեր և դադարեցրեք արևի տակ մնալը։ Դա վկայում է այն մասին, որ մաշկն արդեն ստացել է անվտանգ ազդեցության առավելագույն չափաբաժինը։


«Հիշե՛ք՝ գեղեցիկ արևայրուքը ստացվում է ոչ թե երկար ժամերով արևի տակ մնալու, այլ ճիշտ և անվտանգ արևայրուք ընդունելու շնորհիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250