«Սալյուտի» փոխարեն՝ կրակոցներ Երևանում․ ինչ է հայտնի․ ԶԼՄ
Հունիսի 24-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը՝ հունիսի 23-ին, Քանաքեռցու փողոցի 126/4 շենքում բնակիչներից մեկը իր բնակարանի պատշգամբից մի քանի անգամ կրակոցներ է արձակել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններին շենքի բնակիչները փորձել են մոլորեցնել՝ թե ի՞նչ կրակոց, ի՞նչ զենք, նման բան տեղի չի ունեցել, սակայն ոստիկանները, ինչպես ժողովուրդն է ասում, «այդ վայ քաղաքացիների կուտը չեն կերել» և տաք հետքերով պարզել են, որ տեղեկությունը հավաստի է:
Կրակոցներ արձակելու կասկածանքով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 56-ամյա Վարդան Ա․-ին, ով այնուհետև փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ թոռան ծնունդն է եղել, սալյուտի փող չուներ, ստիպված իր մոտ եղած որսորդական հրացանից կրակոցներ է արձակել։
Վարդան Ա․-ն Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։