«7 արկերից 2-ն ընկան ոտքերիս մոտ». Ռոգոզինը պատմել է, թե ինչպես է վիրավորվել

Գնդակոծման պահին «Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրենն արդեն մոտ երեք ամիս գտնվում էր Դոնբասում։
 

«Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրեն, «Ցարական գայլեր» («Царские волки») գիտատեխնիկական կենտրոնի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մանրամասներ է պատմել Դոնեցկում հյուրանոցի գնդակոծության մասին, որի ժամանակ ինքը վիրավորում է ստացել։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականների արձակած յոթ արկերից երկուսն ընկել են իր ոտքերի մոտ, բայց չեն պայթել:

 

Դոնեցկում գտնվող հյուրանոցը, որտեղ բնակվում էին «Ցարական գայլեր» ռազմատեխնիկական խորհրդականների խումբը և այն ղեկավարող Ռոգոզինը, 2022–ի դեկտեմբերի 21-ին ուկրաինական զորքերի գնդակոծության տակ է հայտնվել։ Հարվածները հասցվել են բարձր ճշգրտության զինամթերքով: Ռոգոզինը վիրավորվել է արկի բեկորից և կոնտուզիա ստացել։

 

«155–միլիմետրանոց բարձր ճշգրտության արկի 7 հարվածը, երկուսը՝ վեցերորդն ու յոթերորդը, որոնք փաստացի իմ ոտքերի մոտ ընկան, երջանիկ պատահականությամբ չպայթեցին»,-ասել է Ռոգոզինը։

 

Գիտատեխնիկական կենտրոնի ղեկավարը պատմել է, որ գնդակոծության պահին արդեն մոտ 3 ամիս Դոնբասում էր գտնվում, միայն կարճ գործուղումներով մեկնում էր Մոսկվա և այլ քաղաքներ` այն ձեռնարկություններ, որոնց հետ համագործակցում են «Ցարական գայլերը»։

 

Այդ օրը «Ռոսկոսմոսի» նախկին գլխավոր տնօրենն անցկացրել է Մարյինկայի մոտակայքում գտնվող զինափորձարանում, որտեղ մասնակցել է ԲԱՐՍ-11 ջոկատի կամավորական-դիպուկահարների նախապատրաստմանը։ Երեկոյան, Ռոգոզինի խոսքով, ինքը վերադարձել է հյուրանոց և հասցրել է միայն թողնել իրերը, հագուստը փոխել և իջնել ներքև, այնուհետև սկսվել է գնդակոծությունը։

 

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 332-րդ օրը։