Ալեքս Էսկանդարին դարձել է NASCAR-ի առաջին հայ ավտոարշավորդը
Հայկական եռագույնով սաղավարտը գլխին դրած երիտասարդը Ալեքս Էսկանդարին է։
Նա NASCAR-ի (National Association of Stock Car Auto Racing, Սերիական ավտոմեքենաների մրցավազքի ազգային ասոցիացիա) պատմության մեջ առաջին հայ ավտոարշավորդ է։ Լաս Վեգասում ծնված Էսկանդարին Armenian Weekly-ի հետ զրույցում ասել է, որ 9 տարեկանից հետաքրքրվել է մրցարշավային մեքենաներով, բայց երբեք չի մտածել, որ այդ սերը մի պահ իր համար լիարժեք կարիերա կդառնա: Սակայն այս ամռանը Լաս Վեգասի սիրողական մրցարշավներին մասնակցելով՝ նրան նկատել են հովանավորները և օգնել, որ երիտասարդը մասնակցի NASCAR-ի պրոֆեսիոնալ մրցարշավին։ Այսպիսով 21-ամյա Էսկանդարին պատմության մեջ է մտել՝ դառնալով առաջին հայն այդ մրցապայքարում։
NASCAR-ը կազմակերպություն է, որը «Ֆորմուլա 1»-ի պես սպորտային մրցավազք է կազմակերպում (մրցակից կազմակերպություններ են)։ NASCAR-ը 1947 թվականից գոյություն ունի ԱՄՆ-ում։ Մրցարշավի մասնակիցները մեծ գումարներ են վաստակում։ NASCAR Sprint Cup Series յոթ մրցարշավների հաղթող Դեյլ Էրնհարդտ կրտսերի եկամուտը մեկ տարում 26 միլիոն դոլար է կազմում:
Մեր Ալեքսը դեռ նոր է մեծ խաղի մեջ մտնում, բայց արդեն հաջողությունների է հասել։ Այս ամիս նա կունենա երկու մրցավազք սեպտեմբերի 11-ին ու 23-ին:
«Իմ միակ նպատակը հաղթելն է։ Չգիտեմ՝ ինչ կլինի կես տարի անց, մեկ տարի անց։ Մեծ հույսեր ունեմ», - ասում է նա։