Քնած մարդկանց դուբինկաներով ծեծել են,ձեր տանը երևի միայն Հ1-ն էր միացված. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում նիստը վարողի իրավունքով ելույթ է ունեցել ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նա անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մեղադրանքներին՝ կապված Մարտի 1-ի իրադարձությունների հետ:
Ռուբինյանի խոսքով՝ պատգամավորը խոսում էր իրադարձությունների մասին, որոնց մասնակցել են դահլիճում գտնվողներից շատերը:
«Պարո՛ն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեզ հետ հեռակա զրուցելիս, ձեր հոր մասին խոսելիս, որովհետև աշխարհի ամենահաճելի բանը չէ որդուն ասել՝ գիտես՝ ես համարում եմ՝ քո հայրը վատ քաղաքական գործիչ է կամ վատ մարդ և այլն, բայց ես ստիպված եմ դա անել, բայց ես ստիպված եմ դա անել բացառապես էն պատճառով, որ դուք պատգամավոր եք, քաղաքական գործիչ եք և այստեղ եք»,- դիմելով Լևոն Քոչարյանին՝ ասաց Ռուբինյանը:
ԱԺ նախագահի պնդմամբ՝ Լևոն Քոչարյանը խոսում է Մարտի 1-ի մասին՝ հույս ունենալով, որ այդ օրերին չապրած երիտասարդները պետք է լսեն ու հավատան իրեն:
«Ես չեմ բացառում, որ դուք, այն ժամանակ լինելով երիտասարդ և ձեր հոր որդին, այսպես ասած, իրականությունը լավ չեք տեսել կամ ձեր տանը էն ժամանակ Հ1-ն է միացած եղել, այն ժամանակ էլ «Հայլուրով», բոլորս գիտենք՝ ինչ են ցույց տվել, և դուք դրան եք հավատացել: Ես դա չեմ բացառում: Իշխանությունը տենց հատկություն ունի՝ մարդուն իրականությունից կտրելու»,- նշեց նա՝ ներկայացնելով 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը 06:00-ի դեպքերը:
Ռուբինյանը շեշտեց, որ առավոտյան այդ ժամին մարդիկ քնած են եղել:
«Միակ բանը, որ արել են, քնելն է եղել կամ խռռացնելը: Հատուկջոկատայինները եկել են ու սկսել են դուբինկաներով բոլորին ծեծել: Մարդիկ փախել են, հետևներից լարելով ծեծել են մարդկանց: Հիմա խնդրում եմ ինձ ասել՝ այդ մարդիկ ի՞նչ էին արել»,- հավելեց նա՝ դիմելով պատգամավորին և խնդրելով տեղի ունեցածը համեմատել վերջին տարիների իրադարձությունների հետ:
ԱԺ նախագահի խոսքով՝ վերջիններս քնած մարդկանց առավոտյան ժամը 06:00-ին դուբինկաներով սատկացնելը համարում են նորմալ:
«Սա խնդիր է, պարո՛ն Քոչարյան: Ու հետո էլ դնում եք ձայնագրություն, ուր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրերը վերցրեք, որ պաշտպանվեք: Իհարկե, պետք է իրերը վերցնեն, որ ինքնապաշտպանվեն: Բա դրանից մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա: Բա ի՞նչ էիք ուզում. պա՞րզ չէր, որ պետք է բարիկադավորվեն: Ձեր հորից էին պաշտպանվում»,- հայտարարեց Ռուբինյանը: