«Թշնամաբար տրամադրված չէին». Գագիկ Խաչատրյանը՝ Բաքվում անցկացված ԱԱ-ի անվտանգության մասին. Sputnik Արմենիա
Մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Բաքվում անցկացված աշխարհի առաջնության ընթացքում անվտանգության ապահովման պայմաններին։
Նրա խոսքով՝ թեև թիմի անդամների մոտ սկզբում որոշակի լարվածություն կար, մրցումների ընթացքում անվտանգության հետ կապված խնդիրներ չեն առաջացել։
«Իրենք վերցրել էին իրենց վրա մեր անվտանգությունը բոլոր տեղերում… Ամեն դեպքում լարվածություն կար մեր մեջ, ասեմ, որ մարդկանց դեմքերին նայում էինք, տենց անորոշ թեքվում էին մեր կողմ, որ տեսնում էին «Արմենիա»։ Բայց քանի որ մրցումները կայանում են Հեյդար Ալիևի անվան համալիրում, հսկողությունն այնպես էր, ինչպես օլիմպիական խաղերում։ Միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացրին, բարձր մակարդակով»,- ասել է Խաչատրյանը։
Նա նշել է, որ մի քանի օր շարունակ անվտանգության աշխատակիցների հետ շփումն անցել է բնականոն մթնոլորտում։
«Այդ մարդկանց հետ 4-5 օր շփվեցինք։ Գնում-գալիս էին, խոսում էին, ռուսերեն տիրապետում էին, մի քանիսը նույնիսկ ասում էին՝ «ախպեր, ո՞նց ես»՝ հայերեն։ Իրենք թշնամաբար չէին տրամադրված մեր նկատմամբ, իրենց պրոֆեսիոնալ գործն էին անում»,- նշել է մարզիչը։
Հիշեցնենք, որ Բաքվում կայացած մինչև 17 տարեկանների (U17) հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։
Մանրամասները` սկզբնաղբյուրում: