
Գեղարքունիքում 34-ամյա վարորդը 07-ով բախվել է բարձրավոլտ աշտարակին․15-ամյա տղան մահացել է

Այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ծովագյուղ գյուղի բնակիչ 34-ամյա Վիգեն Ռաֆայելյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտաճանապարհի 3․5 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բարձրավոլտ էլեկտրահոսանքի աշտարակի հենասյան բետոնին։
Shamshyan.com-ի տեղեկություններով` վթարի հետևանքով վարորդ Վ․ Ռաֆայելյանն ու նրա ուղևոր 15-ամյա Սերգեյ Ռաֆայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Այսօր առավոտյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ 15-ամյա Ս․ Ռաֆայելյանը գիտակցության չգալով մահացել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։