Աֆղանստանում սպանել են 100 խաղաղ բնակչի․ կառավարությունը մեղադրում է թալիբներին

Աֆղանստանի Քանդահար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում անհայտ անձինք սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակչի: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ շրջանը գրավվել է արմատական «Թալիբան» շարժման զինյալների կողմից: Այս մասին հայտնում է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, գրում է Ria.ru-ն: 

 

Աֆղանստանի կառավարությունը խաղաղ բնակիչների մահվան համար մեղադրել է թալիբներին, որոնք վերահսկում են այդ շրջանը: «Դաժան ահաբեկիչները Փունջաբից (Պակիստան) իրենց ղեկավարների հրամանով հարձակվել են Սպին-Բոլդակի որոշ շրջաններում անմեղ աֆղանցիների տների վրա, կողոպտել են տները և սպանել հարյուր անմեղ մարդկանց», - ասել է ՆԳՆ ներկայացուցիչ Միրվաիս Ստանեկզայը: Թալիբները, ըստ հեռուստաալիքի տվյալների, հերքում են իրենց ներգրավվածությունը քաղաքացիական անձանց սպանություններին: Ավելի վաղ «Թալիբան» շարժումը հայտարարել էր, որ վերահսկում է երկրի 85%-ը: